‘Սարգսյանը ՄՄ-ի արդյունքներից օգտվել է համարում գազի «չեղած» գինը’

1106

Պարզվում է` Սերժ Սարգսյանի կարծիքով` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանը խորը տնտեսական վերլուծություններ է կատարել եւ այդ անդամակցությունից Հայաստանը միայն օգուտ է քաղելու: Իհարկե, Սարգսյանը չի մանրամասնել, թե ինչպես է Հայաստանը այդ վերլուծությունը կատարել ընդամենը մեկ օրվա ընթացքում, քանի որ սեպտեմբերի 3-ից ընդամենը մեկ օր առաջ իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչներ վստահեցնում էին, թե Հայաստանը չի մտնելու Մաքսային միություն, եւ ստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

Ավելին, Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ նույնիսկ հայտարարել է, թե այսօր էլ` բանակցությունների փուլում, Հայաստանն արդեն օգտվում է մի շարք արդյունքներից: «Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է Սերժ Սարգսյանը` մոռանալով նշել, սակայն, որ 189 դոլարը ոչ թե սպառողների համար նախատեսված գինն է, այլ սահմանի գինը, որից հետո սպառողներին հասնելով` գազը գրեթե կրկնակի թանկանում է:

Պարզվում է, սակայն, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված Սարգսյանն էլ ունի որոշակի անհանգստություններ:

«Չի կարող անհանգստություն չլինել: Մտնում ենք նոր տնտեսական համակարգ եւ այստեղ կան մարտահրավերներ: Բայց այդ մարտահրավերները լուծելի են, եւ մեր անդամակցությունը կբերի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ, այդ տարբերությունները հսկայական չեն եւ երկրորդ, զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք մուտքի շղթաներ, եթե այսպես կարելի է ասել, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակ, ավտոմեքենաների ներմուծման մասով ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները մեծ դրույքաչափեր են կիրառում ներմուծման ժամանակ, իսկ մենք ավելի քիչ, բայց այդ դրույքաչափերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվելու է 5-10 տարի, քանի որ այդ ապրանքատեսակը Հայաստանի համար զգայուն է»,- ասել է Սարգսյանը` հավելելով, թե ավտոմեքնաների հետ կապված հարցը այն տեխնիկական խնդիրներից մեկն է, որոնց մասին նա խոսել է Աստանայում:

Ըստ Սարգսյանի, այդ ժամանակը բավարար է ադապտացվելու համար: 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը Գյուլին համարում է լայնախոհ ու իր երկրի շահը գիտակցող’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյան. Մեր պատվիրակության 10 անդամներ գիտեին, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել ‘