‘Սարգսյանի մոտ սկսվում են ալիևական և թուրքմենբաշիական տենդենցներ. Մամուլ (տեսանյութ)’

1554

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. «Հանրապետության տոն և արքայական ընդունելություն, երկու տոնական համերգ, երկու մրցանակաբաշխություն և երկու քննարկում։ Գումարած՝ հանդիպումները։ Այս ամենը տեղի է ունեցել անցնող շաբաթ»,-ահա այսպես է ՀՀ նախագահի մամուլի նոր խոսնակը հանրությանը ներկայացնում Սերժ Սարգսյանի անցած մեկ շաբաթվա աշխատանքային գործունեությունը։ Նախագահականի երեկ տարածած տեսանյութում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղից հանրությանը ծանոթ ձայնը հենց այդ խաղի անվանմանը համահունչ կերպով էլ ներկայացնում է Ս. Սարգսյանի գործունեությունը։ Այդ տեսանյութը դիտելիս այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը Նորվեգիայի կամ առնվազն Շվեյցարիայի նախագահն է, և այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների կեսը չէ, որ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների կեսից ավելին չէ, որ արտագաղթել է ու ամեն կերպ ելքեր է փնտրում արտագաղթելու համար, այդ նրա ղեկավարած երկրի քաղաքացիների բացարձակ ամբողջությունը չէ, որ արդարության և վաղվա օրվա հետ կապված որևէ հույս չի փայփայում։ Աարգսյանը վեհահունչ երաժշտության ներքո անընդհատ անցնում է իր նախագահական շքեղ վերանորոգված (ականջդ կանչի, Սամվել Կարապետյան՝ Կալուգայի Սամո) նստավայրի դահլիճներով՝ մեկ այս կամ այն պատվիրակությանը հանդիպելու, մեկ պարգևներ ու շքանշաններ հանձնելու, մեկ էլ որևէ արքայազն ընդունելու ու նրա հետ մի-մի բաժակ սուրճի շուրջ (ի դեպ, անգլիացիները թեյի սիրահար են) երկրիս ընդերքի հարստությունները թալանելու հարցերը քննարկելու։ Մի խոսքով՝ «վույ աման, վույ աման, վույ աման, թագավոր լինելուց էլ լավ բան»։ Իսկ եթե ավելի լուրջ՝առնվազն տարակուսելի է, թե ինչ խնդիր են փորձել լուծել նախագահականի քարոզիչները, ինչ է սա՝ Ս. Սարգսյանին մատուցված արջի ծառայությո՞ւն, թե՞ ժողովրդի վրա թքած ունենալու անթաքույց դրսևորում։ Ներկայացվում է, թե ինչպես մայիսի 28-ին Ս. Սարգսյանը մասնակցեց Սարդարապատի հանդիսությանը և ընդամենը կես վայրկյանով նշում. Ս. Սարգսյանը մոտեցավ իրեն սպասող Արմավիրի մարզի գյուղացիներին։ Այն նույն գյուղացիներին, որոնք աղետաբեր կարկուտի արդյունքում կորցրել են իրենց ապրուստը, ու որոնց մի կերպ՝ վարչապետով ու ոստիկանապետով կարողացան համոզել ու ստիպել, որ Սարդարապատի ճանապարհը չփակեն Ս. Սարգսյանի առջև։ Նույնպիսի կես վայրկյանանոց անդրադարձով նա նշում է Սարգսյանի հանդիպումը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության հետ։ Մնացած քննարկումներին ու հանդիպումներին անդրադարձերը ևս նույնպիսի «խորությամբ» են։ Փոխարենը խոսնակը չի մոռանում նորահայտ կոմպոզիտորի՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած ձոներգի արժանի հիշատակումը՝ շատ ավելի երկար, քան վերը նշված «անկարևոր» հարցերում։ Ոչինչ, որ խոսնակը երբեմն ասում է «նախագան»՝ նախագահի փոխարեն, էականն այն է, որ այս տեսանյութը կարծես թե ահազանգ է առ այն, որ Սարգսյանի մոտ սկսվում են ալիևական և թուրքմենբաշիական տենդենցներ»։

Նախորդ հոդվածը‘Գիշերը Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ավիաընկերությունը սկսել է Օդեսա-Երևան- Օդեսա ուղիղ չվերթի իրականացումը’