‘Սարգսյանն ու Օլանդը խոսել են ԵՄ-ից եւ ԼՂ հիմնախնդրից’

892

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հաղորդում է President.am-ը:

Հանդիպման ընթացքում խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», (չնայած Կարֆուրը պաշտոնապես դեռ Հայաստան չի եկել-խմբ.) «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Սարգսյանը նաեւ ասել է, թե հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Սարգսյանն ու Օլանդը  ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Այս համատեքստում Սարգսյանը, ըստ իր մամլո ծառայության, «վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը»:

Հանդիպման վերջում Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

Թե ինչ է պատասխանել Օլանդը, դեռ հայտնի չէ:  

Նախորդ հոդվածը‘Հունաստանը հականացիստական օրենքներ է նախապատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Ինչ են իրականում քննարկել Սարգսյանն ու Օլանդը ըստ ֆրանսիական կողմի ‘