‘Սաֆարովը` Սերժ Սարգսյանի PR գործիք ‘

1332

Սերժ Սարգսյանը, News.am-ի փոխանցմամբ, հարցազրույց է տվել հունգարական ATV հեռուստաընկերությանը` ասելով, որ Հայաստանը խստորեն դեմ է հանդես գալիս հավաքական պատասխանատվության սկզբունքին: Նա ընդգծել է, որ հայ եւ հունգար ժողովուրդների միջեւ հրաշալի հարաբերություններ են հաստատվել, եւ պատմությունը շատ հայ հայրենասերների գիտի, որոնք իրենց կյանքը տվել են Հունգարիայի անկախության համար: «Սակայն հունգարական կառավարության որոշումը սպառնալիքի տակ դրեց ոչ միայն հայ-հունգարական հարաբերությունները, ինչն ափսոսանք է հարուցում, այլեւ խնդիրներ առաջացրեց ԵՄ արեւելյան քաղաքականության եւ ադրբեջանցիների հետ խաղաղ բանակցությունների հարցում եւ, հատեւաբար, կասկածի տակ դրեց տարածաշրջանում կայունությունը»,- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Ես չեմ ցանկանում, որ հայ ժողովուրդը երես թեքի Հունգարիայից` նրա կառավարության պատճառով, որը մեր դեմ է եղել»: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանի մոտ մեղմացման փուլ է սկսվել: 

Ինչպես հիշում ենք, այս տարվա օգոստոսի 31-ին ՀՀ իշխանությունները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանկարծ իմացան, որ Հունգարիան Ադրբեջանին է հանձնել հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Մերոնք, որ մինչ այդ «հազար տոկոս» ոճով հավաստիացումներ էին ստացել հունգարական իշխանություններից ու, փաստորեն, դրանից հետո նույնիսկ «լայաղ» չէին արել կողքից այլ միջոցներ ձեռնարկել` ամեն դեպքում հունգարացիների հավաստիացումները ստուգելու համար, շոկի մեջ էին: Դե, տեղեկություն էին ստացել, որ կարծես թե հունգարացիք Սաֆարովին հանձնում են, կապվել էին նրանց իշխանությունների հետ, ասել էին` «կարո՞ղ ա Սաֆարովին ուզում եք հանձնել», նրանք էլ թե` «չէ, ի՞նչ եք ասում, նման բան չկա», ու հարցն էդքանով փակվել էր: Իսկ մենք էլ, չգիտեմ նույնիսկ` ինչպես ճիշտ կլինի, որ արտահայտվեմ, Հունգարիայում համարյա դեսպանատուն չունենք: Ավելի ճիշտ, ունենք Ավստրիայում Արման Կիրակոսյան անունով դեսպան, ով նաեւ համատեղության կարգով հավատարմագրված է Հունգարիայում, բայց Բուդապեշտում առանձին ներկայացվածություն, այսինքն` ֆիզիկական ներկայացվածություն չունենք: Մարդը նույնիսկ իր նշանակվելուց ամիսներ անց չէր հանձնել իր հավատարմագրերը: Չնայած՝ Հունգարիան պիտի որ մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում լիներ` Սաֆարովի պահով:

Սաֆարովը մեր պատվի հարցն էր, ով ողջ-առողջ նստած էր հունգարական բանտում: Չեմ ասում, թե կարող էինք հրեաների պես վարվել, ասենք` մեկին վարձեինք, ուղարկեինք Հունգարիա ու բանտում խփել տայինք Սաֆարովին, ու հարցն էդքանով փակվեր-գնար: Բայց դե հազար ու մի ձեւ կա… թեև՝ անցածն անցած է, հիմա դրա մասին չէ խոսքը: Ուրեմն, լուրն իմանալուն պես Սերժ Սարգսյանը «բիսեդկի հավաքի» ոճով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, մի լավ մատ թափ տվել, «բաշիբոզուկ»-ակոծել, Գորիկ Գուրգենիչին խնդրել հավաքից հետո տեղ չգնալ… Առանձնացան երեւի, ինչ-որ բաներից խոսեցին: Ապա քիչ անց կանչել էր ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու հայտարարել, թե Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հազար ընդդիմացողներ եղան` էլ ասուլիսներով, էլ թերթերում, բացատրեցին, որ չի կարելի նման լուրջ հարցին նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել: Ասացին` խռոված երեխայի կեցվածք մի ընդունիր: Ասացին` հունգարական իշխանությունների պահվածքը չպետք է անդրադառնա հունգար ժողովրդի հետ մեր հարաբերություններին: Բայց մարդը տեղում քայլն արել էր արդեն, հետո էլ` տեսավ, որ Սաֆարովը լավ թեմա է, ու սկսվեց մղձավանջը: Սաֆարովը դարձել էր ներքաղաքական արհեստական միասնության ջատագովների մատի փաթաթանը: Սաֆարով էր, որ մատուցանում էին մեզ: Էլ ակցիաներ, էլ դրոշների հրկիզում, էլ լոլիկամարտեր, էլ երթեր: Մի խոսքով, արդեն ավելի քան մեկ ամիս մեր ուշադրությունը շեղում էին Սաֆարովով: Ընդ որում՝ շեղում էին պոստ-ֆակտում, ոչ թե` արտահանձնումից առաջ: Սաֆարովին հանձնել էին, ու դրա հիման վրա փոխանակ ԱԳ նախարարին կամ՝ չեղավ-չեղավ` գոնե դեսպանին պաշտոնանկ անեին, ներհայաստանյան մի հիստերիա էին բարձրացրել, որին ասես պարտավոր էին մասնակցել բոլորը եւ փառաբանել Սերժ Սարգսյանի հայրենասեր ու վեհապանծ անձը: Իսկ այդ ընթացքում հունգարացիները ցույցեր էին անում, կոչեր էին հղում, հիշեցնում ու կրկնում էին, որ իրենք պատասխանատու չեն իրենց իշխանությունների այդ արարքի համար: Բայց մերոնք անդրդվելի էին:

Հետո Սերժ Սարգսյանը տեսավ, որ իր երիտհանրապետականները համը հանում են, հեռուստացույցով կոչ արեց հունգարական դրոշը չայրել: Բայց ո՞ւմ մտքով կանցներ նման բան անել: Իհարկե, միայն երիտհանրապետականների: Հունգարիայի իշխանությունների հանդեպ կուտակված մուռը մերոնք հունգար ժողովրդից էին հանում: Դե, ինչ արած, մեր իշխանությունները չէին կարողանում ճիշտ պահին տարբերակել` ո՞ր քայլը կարող է ժողովրդի դեմ ուղղված լինել, ո՞ր քայլը` իշխանությունների: Ու այդպես Սերժ Սարգսյանը ներսի համար մի մեծ ներկայացում էր խաղում, ընտրություններից առաջ Սաֆարովով իրեն PR էր անում` ադրբեջանցի այդ մարդասպանին դարձնելով իր հիմնական PR գործիքներից մեկը: Բայց դե պարզ էր, որ այս թատրոնը երկար շարունակվել չէր կարող: Եւ հիմա, փաստորեն, ինչպես տեսնում ենք` խռոված երեխայի մոտ սկսվել է մեղմացման շրջանը: Ասում է, թե չի ցանկանում, որ «հայ ժողովուրդը երես թեքի Հունգարիայից` նրա կառավարության պատճառով, որը մեր դեմ է եղել»:

Ճիշտ է, չնայած դրան՝ մեր ԱԳՆ-ն պաշտոնապես «ոչ» է ասել հունգարական կողմի` դիվանագիտական հարաբերություններ վերահաստատելու նոտային, բայց հաշվի առնելով, որ մեզ մոտ ամեն ինչ արվում է ոչ թե այնպես, ինչպես ընդունված է նորմալ երկրներում, այլ` բացառապես Սերժ Սարգսյանի ցանկությամբ, ապա կարելի է ենթադրել, որ իր մեղմացման այս շրջանին հետեւելու է մեր ԱԳՆ-ի վախվորած, բայց «այո»-ն: Իսկ մինչ այդ «այո»-ն կասվի, Սարգսյանը, ըստ ամենայնի, կշարունակի սեփական PR-ն իրականացնել Սաֆարովի միջոցով, մինչեւ տեսնի՝ նախագահական ընտրություններում «գլխին ինչ է գալիս»: 

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Ֆլետչերն ու Մոյեսը Անգլիայի Պրեմյեր-լիգայի լավագույն խաղացող եւ մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան սիրիական սահման է ուղարկել հարվածային կործանիչներ’