‘Սաֆարովի արտահանձնումը կասեցրեց ԼՂ բանակցությունների ընթացքը’

825

Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2013» տարեկան զեկույցը, որտեղ Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների հետ մեկտեղ, անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի փաստացի դադարեցմանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Զեկույցը արձանագրել է ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Վրաստանի և Հայաստանի միջև խորացող անդունդը, անդրադառնալով Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ադրբեջանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, բռնաճնշումների և մեծ տուգանքների բազմաթիվ դեպքերի։

«Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական մեծ կարողությունների մասին, ինչի արդյունքում կորպորատիվ սեփականության վերաբերյալ օրենքում ընդունված նոր խստացումները սահմանափակեցին կոռուպցիոն դեպքերի մասին տեղեկատվության հայթայթելու լրագրողների հնարավարությունները։ Երբ Հունգարիայի իշխանությունները անակնկալ որոշում կայացրեցին հայազգի բանակային սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու մասին, Բաքվի իշխանությունները նրան ընդունեցին հերոսի պես և անմիջապես ազատ արձակեցին այդ դատապարտված մարդասպանին, ինչը կասեցրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի հետ վարվող բանակցությունների ընթացքը», — եզրահանգում են Freedom House փորձագետները։

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հրաչյա Հարությունյանի որդին բանակում չի զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ.-ն պատասխանել է «Google AdSense»-ի և «PayPal»-ի մասին բաց նամակին’