‘«Սա ձեր արոտավայրը չէ, մենք էլ ձեր վասալները չենք»’

5106

«TV club» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքում «Իմ ոտքերը պայտելու համար չեն» վերտառությամբ գրառում է կատարել։ «Ու կառավարությունը դարբնի անտարբերությամբ սկսեց խրել մեխերը. էս մի մեխը գազի վարձի համար, էս մի մեխը պարտադիր կենսաթոշակայինի համար, էս մի մեխը տրանսպորտի թանկացման համար, էս մի մեխն էլ… հենց այնպես, որ խելոք մնաք»,- մասնավորապես գրել է նա։ Գրառումը՝ ստորև.

«Հուսանք, որ Ձիու տարում վերջապես պարզ կդառնա՝ ով ջիգիթ է, ով՝ չոբան: Թե չէ հոգնել ենք դատարկ լոլոներից, գեղեցիկ փաթեթավորված ստերից ու ջիգիթների գլխարկ հագած անգրագետ չոբաններից:

Նախանշաններին հավատացող հայերը հույսով սպասում էին, որ Կապույտ նժույգն իր բաշի վրա հաջողություն և երջանկություն կբերի, սմբակներով կթակի դռները ու հաջողության պայտեր կբաժանի: Բայց իզուր… Պայտերը ոչ թե հաջողության համար էին, այլ մեզ պայտելու: Ու կառավարությունը դարբնի անտարբերությամբ սկսեց խրել մեխերը. էս մի մեխը գազի վարձի համար, էս մի մեխը պարտադիր կենսաթոշակայինի համար, էս մի մեխը տրանսպորտի թանկացման համար, էս մի մեխն էլ… հենց այնպես, որ խելոք մնաք: Ու ստացվեց, որ նժույգը ոչ թե ազատության հոմանիշ է, այլ միակ կենդանին, որին կարելի է պայտել ու մեջը մեխեր մտցնել: Բայց ես իմ գեղեցիկ, փոքրիկ ոտքերը դրա համար չեմ խնամել, պեդիկյուր արել, ամեն երեկո մերսել ու խոնավացնող կրեմ քսել: Ես դրանք խնամել եմ, որ գեղեցիկ պարեմ, երջանիկ վազեմ ու ազատ քայլեմ իմ պապերի հողի վրա: Ոչ թե սառեցնեմ ու ցրտահարեմ տարբեր «ընդդեմ» հավաքներին: Սա մեր երկիրն է, մեր պապերի ու մեր երեխաների: Սա ձեր արոտավայրը չէ, մենք էլ ձեր վասալները չենք, որ ամեն անգամ ուղարկեք ձեր հարկահավաքներին մեր երեխաների վերջին երկու կոպեկը քերելու համար: Այո՛, քերելու, ղասաբների նման քերելու: Բավական է, ձեր դարմանը ուրիշի առջև դրեք, այ «ջիգիթներ»…»:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 17-ին Հայաստանը կստորագրի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կապիտալի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքի շուրջ «Գազպրոմի» հետ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը նահանջել է 38-րդ հորիզոնական’