‘Սա մի լրացուցիչ գործիք է՝ մարդկանց վերահսկելի դարձնելու համար ‘

1599

ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՎՊ կողմից բացահայտված պետական բյուջեի գումարների մսխումների եւ չաշահումների մասին խոսելիս ընդդիմադիր պատգամավորներից բացի բավական սուր քննադատություններ էին հնչեցնում նաեւ իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները: Այս թեմայով ilur.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

Արամ Մանուկյան – ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար

— ՀՀԿ-ն ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ բավական կոշտ էր իր ձեւակերպումների մեջ, հաճախ օգտագործելով ընդդիմության տերմինալոգիան: Ի՞նչ էր սա նշանակում. Կարո՞ղ է մի օրում ՀՀԿ-ն ընդդիմադիր է դարձել:

— Ընդդիմադիր կլինեին, եթե այս ողջ բացահայտումների արդյունքում քրեական գործեր հարուցվեին: Այնինչ՝ այս բացահայտումները Սերժ Սարգսյանի համար գործիք են՝ զսպելու, կարգավորելու, խելոքացնելու բոլոր նրանց, ովքեր հանցագործություններ ու խախտումներ են արել: Այսինքն՝ սա մի լրացուցիչ գործիք է՝ մարդկանց վերահսկելի դարձնելու, անհրաժեշտության դեպքում՝ նրանց գործողությունները թելադրելու համար: Եվ այդ գործիքը Սերժ Սարգսյանը հրաշալի կերպով կիրառում է:

— Իսկ միգուցե՞ ՀՀԿ-ականների մոտ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասած մտածողության հեղափոխությունն է տեղի ունեցել:

— Ամենեւին: Նման խախտումների արդյունքում անգամ պատգամավոր են ընտրվել: Այսինքն՝ մարդկանց դնում են այնպիսի միջավայրի մեջ, որ նա խախտում է անում, հանցագործություն է անում, դա արվում է, դրվում է՝ Սերժ Սարգսյանի սեղանին ու վերջինս որոշում է՝ գործուղեն ԱԺ որպես պատգամավոր, թե նստեցնեն:

Գուրգեն Արսենյան – ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր:

— Ձեր կարծիքով, ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ իշխանություններն ինչո՞ւ էին այդպիսի ընդդիմադիր կերպարի մեջ մտել:

— Դե մեկ-մեկ էլ իրենք են դերի մեջ մտնում եւ չեն կարող այդ դերից դուրս գալ:

— Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ականների մոտ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասած մտածողության հեղափոխությունն է տեղի ունեցել:

— Կոպիտ չեմ ուզում պատասխանել, բայց մտածողության հեղափոխություն տեղի ունենալու համար առաջին հերթին հարկավոր է, որ այդ մտածողությունն առկա լինի: Այն մտածողությունը, որ մենք բոլորս համարում ենք բանականության իրական դրսեւորում: Առայժմ ես լուրջ կասկածներ ունեմ, մտածողության այն պրոցեսը, որ կա, համընկնում է բանականության ձեւակերպման մեջ:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Միգրացիոն ծառայության լռությունը. Մամուլ’