‘ՍԴ-ն կարճեց Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործի վարույթը’

902

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը: Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Ինչպես նիստի սկզբում հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս ամռանը դատական կազմի կողմից ընդունված դիմումը նախօրեին ուսումնասիրելիս, «հետաքրքիր մի պատկեր է ի հայտ եկել»:

«Հետաքրքիր պատկերը հետևյալն է. Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետը շատ հստակ սահմանում է, որ իրավական ակտերի, օրենքների դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Պարզապես ես այս գործի մեջ վերջնական դատական ակտ չտեսա: Եթե նույնիսկ խոսքը վերաբերում է առաջին ատյանի դատական ակտին, ապա այն պետք է ներկայացված լիներ: Նույնիսկ, եթե որոշումը արձանագրային էր, ապա այն նույնպես պետք է ներկայացված լիներ: Ընդամենը դատական երկու ակտ կա ներկայացված` Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, որտեղ Վերաքննիչը ասել է, թե օրենքով այդ ակտը բողոքարկման ենթակա չէ, Վճռաբեկն էլ ասել է, որ դիմել եք օրենքի պահանջների խախտումով, չեք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորումներ: Ընդ որում` գործի հետ ՍԴ ներկայացված այս երկու դատական ակտերով վիճարկվող հոդվածների մասին ընդհանրապես խոսք չի գնում, այսինքն` ակտերը կայացնելիս հիմքում չեն դրվել այդ հոդվածները»,-հայտնեց ՍԴ նախագահը:

Նշենք, որ դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր: Նիստին ներկա էր դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Համբարձումյանի և առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանի:

Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը վիճարկում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Վիճարկվող դրույթները վերաբերում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառելու դատարանի իրավունքին:

Տ.Առաքելյանն օգոստոսի 14-ին դիմել էր ՍԴ` խնդրելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել դատարանի կողմից կիրառվող սանկցիաներին վերաբերող վերոհիշյալ դրույթները:  Դիմողի կարծիքով, վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել արդարադատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության նպատակի հետ:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայում ներկայացվել է հյուսիսկորեացի լրտեսի զինանոցը’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում Facebook ցանցը լիովին արգելափակվել է’