‘ՍԴ-ն հինգ տոկոսները պահում է 1974 թվականից հետո ծնված իր աշխատակիցներից. «ՀԺ»’

1340

Սահմանադրական դատարանը հավակնում է տիրանալ Հայաստանի ամենաանհասկանալի կառույցի տիտղոսին։ Այս մրցակցության մեջ, ընդ որում, Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմինը բացարձակ առաջատար է, որովհետև նրա որոշումներից բան չի հասկանում ոչ միայն հանրությունը, այլև Բարձր դատարանն ինքը։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Մինչ հայ հանրությունը ոգևորված պնդում է, թե հունվարի 24-ի հանրահայտ որոշումից հետո կարելի է չվճարել պարտադիր կուտակային բաղադրիչի հինգ տոկոսը, և աշխատողներ-գործատուներ կոնֆլիկտ է հասունանում այս համատեքստում, Սահմանադրական դատարանն ինքն է բռնում ու հինգ տոկոսները պահում 1974 թվականից հետո ծնված իր աշխատակիցներից։

Ու եթե Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի աշխատակիցները գործադուլ են անում հղում անելով ՍԴ որոշման վրա, անհասկանալի է, թե ինչի վրա պիտի հղում անեն ՍԴ աշխատակիցները, եթե այդ որոշման վրա հրաժարվում է հղում անել նույնիսկ այն մարմինը, որը ընդունել է որոշումը։

Ընդ որում, Սահմանադրական դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն և պարտադիր են բոլորի համար։ Այդ թվում՝ Սահմանադրական դատարանի։

 Բայց իրականությունն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ինքն իրեն իրավաբանության ռահվիրա, մտքի աղբյուր և լույսի ճրագ համարող Գագիկ Հարությունյանը Հայաստանը գցել է հերթական իրավաբանական աջաբսանդալի մեջ։ ՍԴ-ն կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այն դրույթի կիրառումը, որով նախատեսվում է պատասխանատվություն օրենքի դրույթները չկատարելու, այսինքն պարտադիր կուտակային հինգ տոկոսները չվճարելու համար։ Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ն, լրիվ պատահաբար, մոռացել է կասեցնել օրենքի այն դրույթը, որտեղ ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված ա) վարձու աշխատողները, բ) նոտարները, գ) անհատ ձեռնարկատերերը» (հոդված 5)։

Այսինքն, ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, բայց Պարտադիր կուտակային բաղադրիչը չկատարելու համար չի կարելի տուգանել։ Այստեղ էլ առաջացել է աջաբսանդալը, բա եթե պարտադիր կուտակային բաղադրիչը պարտադիր է, գործատուն ո՞նց չկատարի օրենքի դրույթը, չէ՞ որ նա պարտավոր է ենթարկվել օրենքին, իսկ օրենքը ասում է, որ կուտակային բաղադրիչը պարտադիր է։ Իսկ եթե ՍԴ-ն ուզում էր կասեցնել այս պարտադիրությունը և իրոք հայցի ապահովման միջոց կիրառել, պետք է կասեցներ կուտակային բաղադրիչը պարտադիր համարող օրենքի դրույթները»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահին տուգանել են գնչուների հասցեին խոսքերի համար’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկայում անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության. «Ժամանակ»’