‘ՍԴ-ն պնդում է, թե հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում չի ստացել’

2572

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ՍԴ-ն դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված վեճով որեւէ դիմում չի ստացել:

Ըստ ՍԴ մամուլի ծառայության, «ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավասու սուբյեկտների կողմից դիմում չի ստացել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին փաստաբան Տիգրան Եգորյանը ՍԴ էր բերել «Հայ ազգային կոնգրես խմբակցության դիմումը»: Սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հենց մուտքի մոտ բանավոր մերժեց ընդունումը՝ նշելով, որ փաստաբանն իրավասու անձ չէ, դիմումը պետք է ուղարկվեր Ազգային ժողովից․  «Դիմումը չեմ կարող ընդունել․․․ Դիմումը Ազգային ժողովում կա․․․ պետք է ուղարկի պաշտոնական»:

Մոտ տասը րոպե տևած բանավեճից հետո ՀԱԿ-ը ներկայացնող փաստաբանն ասաց, որ ինքը նաև մեկ այլ դիմում ունի՝ մի խումբ քաղաքացիների, վստահված անձանց, դիտորդների ու լրատվամիջոցների կողմից։

ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարը այդ փաստաթուղթը նույնպես չընդունեց՝ արդեն պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է:

Փաստաբան Տիգրան Եգորյանը օրենքի կոպիտ խախտում որակեց կատարվածը՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանը պարտավոր էր ընդունել թե՛ առաջին և թե՛ երկրորդ դիմումները՝ անկախ դրանց բովանդակությունից․ — «Այսօր արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետության հետագա կյանքի համար մի անգերագնահատելի հարցի կապակցությամբ դիմում ընդունելու համար այն միակ ատյանի, որը գոյություն ունի և որը իրավասու է այդ հարցին անդրադառնալ՝ Սահմանադրական դատարանի, դռները փակ էին», — Եգորյանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին օրերին Հայ ազգային կոնգրեսը փորձում էր 27 պատգամավորի ստորագրություն հավաքել՝ Ազգային ժողովի անունից Սահմանադրական դատարան դիմելու համար։ Դեկտեմբերի 18-ին լրացած վերջնաժամկետին պարզվեց, որ ձևաթուղթը ստորագրել են 19 օրենսդիրներ: Իշխող Հանրապետականից բացի, նախաձեռնությանը չեն միացել նաև «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. ՊԲ զորամասերը դիմել են պատժիչ գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Սողոմոն Քոչարյանի մահից հետո ՀՔԾ-ն բարեհաճել է քրգործ հարուցել’