‘Սեդա Մեսրոպյան. Լա՛վ էլի, հասկացանք, օ՛ֆ…’

84335

Ես գովազդից, ավելի ճիշտ՝ գովազդի բիզնեսից բան չեմ հասկանում, բայց ենթադրում եմ, որ գովազդը պետք է նպաստի որևէ ապրանքի կամ ծառայության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն: Հետաքրքրություն, այլ ոչ թե զզվանք: Ինչն զգում եմ ես՝ մասնավորապես մեր հայկական հեռուստատեսությունը դիտելիս: Թեպետ սույն ակնարկը վկայում է, որ նաև հետաքրքություն է առաջանում, ընդ որում՝ ոչ թե գովադվող ապրանքի կամ ծառայության նկատմամբ, այլ հենց գովազդի:

Ինչքա՞ն կարելի է լսել՝ «Թե ուզում ես փափկի կղանքը, մի մոռացիր Դյուֆալաքը», «(Զուգարանի թուղթ)Սելպակ՝ ձեզ հետ կյանքի բոլոր պահերին», «Գյուղա՛ցին պետք է առողջ լինի…»- «Թումանյանի շաուրմա՝ թարմ միս՝ տարին տասներկու ամիս», «Ո՞՜նց, երկու համար՝ նույն քարտո՞ւմ: Ավելի՛ն…» և այլն: (Իմիջիայլոց, հուշման կարգով ասեմ, որ վատ չէր լինի «կղանքը փափկեցնող» դեղամիջոցի գովազդից անմիջապես հետո դնել  զուգարանի թղթի գովազդը, որովհետև եթե կղանքդ շա՜տ փափկի, զուգարանի թուղթն իսկապես պետք կլինի կյանքի բոլոր պահերին…):

Լա՛վ էլի, հասկացանք, օ՛ֆ…

Չեմ խոսում «Գրանդ Քենդիի» սովետաբաղձ գովազդային հոլովակների մասին, որոնք ուղղակի հետապնդում են խեղճ հեռուստադիտողին: Բայց դրանցից մեկին ուզում եմ անդրադառնալ:

Պայմանականորեն՝ այդ հոլովակի անունը կարելի է դնել «Ես Հայլուրի Հայաստանն եմ ուզում»: Ներողություն, որ պիտի պատմեմ այդ հոլովակի բովանդակությունը՝ ևս մեկ անգամ «գովազդելով» այդ գովազդը. ենթադրյալ ամուսինները խաղաղ ընտանեկան մթնոլորտում ուզում են իրենց երեկոն վայելել հեռուստացույց դիտելով: Բայց ո՛ր ալիքը միացնում են՝ է՛լ բնության տարերքներ, է՛լ բռնություններ ու մահեր, է՛լ վթարներ ու զանազան աղետներ… Հուսահատված ամուսինները որոշում են (գուցե էդ դաժան լուրերը մի քիչ քաղցրացնելու նպատակով) «Գրանդ Քենդիի» շոկոլադե սալիկ ճաշակել, ու (ենթադրվում է, որ մեկ անգամ էլ փոխում են հեռուստացույցի ալիքը), ո՜վ հրաշք, հայտնվում են մի ուրիշ աշխարհում. պարզվում է՝ Հայատանում լիքը երեխաներ են ծնվում, տնտեսությունը ծաղկում է, մենք բարգավաճում ենք: Ո՛չ մի աղետ, ո՛չ մի ավտովթար, ո՛չ մի բռնություն: Կարելի է ենթադրել նաև՝ ո՛չ մի կեղծված ընտրություն, ո՛չ մի անարդար դատավճիռ, ո՛չ մի Մարտի 1 ու Հոկտեմբերի 27…  Ճաշակե՛ք Գրանդ Քենդիի շոկոլադե սալիկները, ու կհայտնվեք «Հայլուրի Հայաստանում»: Կամ, առնվազն՝ Սովետական Հայաստանում, հա՛: Ու ամուսինները գոհունակ ժպտում են:

 Ի դեպ, այսօր Սովետական Հայաստանի հռչակման օրն է:

Նաև Հայկական հեռուստատեսության 61-ամյակն է: Առաջինը, դե, հեչ, բայց երկրորդի առթիվ շնորհավորում եմ հայ բազմաչարչար հեռուստադիտողներին (որոնք դեռ խիզախում են օգտվել այդ սարքից) ու գովազդային հոլովակները հաղթահարելու հարցում համբերություն մաղթում, ինչը հաճախ չի բավարարում: Անձամբ ես կարող եմ բողոք ներկայացնել, որ էդ գովազդային հեղեղի պատճառով ես հաճախ ստիպված եմ լինում շուտ անջատել հեռուստացույցը և գնալ քնելու, ինչն էլ հանգեցրել է նրան, որ ես, փաստորեն, սկսել եմ շատ շուտ քնել:

Բայց մի բան մտածեցի. իսկ ի՞նչ կլինի, եթե հայկական հեռուստատեսությունը ԳՈՎԱԶԴՎԻ որպես միջոց՝ անքնության դեմ: Լավ միտք չի՞: Անձնական օրինակով եմ ասում:

Այնուամենայնիվ, շնորհավոր հայկական հեռուստատեսության տարեդարձը:

 

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանն ու Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթ գեներալը դատարանում թույն է խմել’