‘Սեդա Մեսրոպյան. Շփերթ մտքեր կամ «Ավգյան ախոռները» մեր ուղեղներում են’

2251

Քայլելն օգտակար է: Մասնագետների գանահատմամբ՝ քայլքին մասնակցում են կմախքի բոլոր ոսկորները: Այսինքն՝ շարժման մեջ են դրվում: Բայց՝ ոչ միայն ոսկորները: Ուղեղը նույնպես: Ասենք՝ առավոտյան քնաթաթախ դուրս ես գալիս տանից ու ոտքով գնում ես աշխատանքի: Ուղեղդ դեռ լավ չի արթնացել, քունդ գլխիդ է: Բայց ճանապարհին էնքան հետաքրքիր բաներ ես տեսնում, որ կամաց-կամաց ուղեղդ սկսում է շարժվել, ու սկսում ես մտածել: Օրինակ՝ տեսնում ես «Զարուհի Բաբայանը՝ բանակի կողքին» պաստառը ու մտածում՝ ի՜նչ լավ է, այսուհետ մեր բանակն ապահով է, որովհետև Զարուհին նրա կողքին է: Մանավանդ՝ ավելի՛ն. ցուցապաստառում ակնհայտորեն նա կանգնած է բանակի մեջքի՛ն: Ապահով է, ապահով՝ հայրենիքս… Հետո մտածում եմ՝ ինչո՞ւ են ամեն օր հայտնի Նստավայրի դիմացի մայթի (իմ ճանապարհն էդտեղով է անցնում) գազոնային հատվածում՝ մեկ քառակուսի սանտիմետր տարածքի վրա, «բզբզում» բանվորական հագուստով երկու-երեք տարեց (հաստատ՝ 60-ն անց) տղամարդիկ: Հե՛նց «բզբզում», որովհետև իսկապե՛ս չեմ հասկանում՝ ինչով են զբաղված: Հո՞ղն են փխրեցնում: Նոյեմբեր-դեկտեմբերի՞ն: Մաքրո՞ւմ են գազոնը, որ Նստավայրի տիրոջը ակնահաճո լինի դիմացի մայթը: Բայց մայթն ինքը, ախր, ավելի՛ կարիք ունի մաքրվելու, օրինակ՝ թափված տերևներից, որոնք խոնավության պատճառով նաև շատ սղլիկ են դարձնում էդ մայթը: Մի անգամ հարցրի տարեց «բանվորներից» մեկին՝ ի՞նչ եք անում, ասաց՝ եսիմ, մեր շեֆին հարցրու: Բայց դե «շեֆը», որին, չգիտեմ ինչու, մտքումս «պրարաբ» եմ անվանում, անմատչելի է՝ կարճահասակ, կլորիկ փորով, բջջայինը ձեռքին, ինքնագոհ գնում-գալիս է, որ հանկարծ իր ենթակաների բրիչ-մրիչները դուրս չգան մեկ քառակուսի սանտիմետր տարածքից… Հիմա էդ գազոնում ծաղիկների թփեր են տնկել «պապիկները», ու դրանցից մեկը նույնիսկ արդեն ծաղկել է:

Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ էդ տարեց մարդիկ աշխատանք ունեն ու կամաց-կամաց բզբզալով՝ իրենց բաժին ապահով Հայաստանն են կերտում: Նույնիսկ «պրարաբի» համար եմ ուրախ, թեև մտածում եմ՝ էդպես պարապ-սարապ կանգնելու փոխարեն՝ վատ չէր լինի՝ ինքն էլ ավել վերցներ ու մայթն ավլեր: Բայց դե՛…
Հետո մտածում եմ՝ հիմա ես իմ ժողովրդին սիրո՞ւմ եմ, թե՞ ատում (Լիզայի ականջից հեռու՛): Մի ժամանակ համոզված էի, որ որպես հավաքական ժողովուրդ՝ սիրում եմ, բայց առանձին-առանձին՝ չասեմ՝ ատում եմ, բայց՝ չեմ սիրում, ավելին, ամեն ընտրությունից հետո ինձ թվում է՝ փողոցով հինգհազարանոցներ են քայլում: Իսկ ես հինգհազարանոցներին չեմ սիրում: Հիմա էդքան էլ վստահ չեմ՝ հավաքականի պահով: Ախր ոնց որ վերևից հրահանգի սպասեն. ժողովու՛րդ, ուրախացե՛ք, ու սկսում են ուրախանա՜լ: Ժողովու՛րդ, երեխեքին տարեք պոնչիկանոց ու գազանանո՛ց, ու հո վրա չեն տալի՜ս, ոնց որ նոր են իմացել էդ օբյեկտների մասին: Շոկոլա՛դ տվեք մեր կայնքի ծաղիկներին՝ թող ուտե՛ն, հենց տրանսպորտում՝ բերաններն ու թաթիկները շոկոլադոտելով, հետո մաքրեք անձեռոցիկով ու անձեռոցիկը դո՛ւրս նետեք պատուհանից՝ «թուղթ ա, էլի, ի՞նչ ա էղել»… Լա՛վ, ոնց որ շա՜տ ուրախացաք. հիմա սգացե՛ք, դե մի բան հիշեք, էլի՝ կոտորած, մեռելոց, ու սգացե՛ք: Այ ապրե՛ք դուք, մենք ձեր մասին ենք մտածում, ախր հույզերը ներս գցելը վնաս է առողջությանը, լիցքաթափվե՛ք (Լիսկայի հետ կապ չունի էս բառը)… 
Տեսնես Լիցկային պատասխանատվության էլ կկանչե՞ն, թե կբավարարվեն պաշտոնից ազատելով… Լավ, արդեն հասա… Բա վե՞րջը: Հե՛չ: Ոնց տեսնում եմ՝ մեր պարագայում «Ավգյան ախոռները» մեր ուղեղներում են, ու ջրի շիթը հենց էդ կողմը պիտի ուղղվի… (Ջուրը թանկանալու է՞, ո՞վ գիտի…)…

Նախորդ հոդվածը‘Ֆլեշ-մոբ. Սուսերով պար՝ փողոցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն վերջնագիր է ներկայացրել «Ռեալին»’