‘Սեյրան Օհանյանը հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն է տալիս’

1499

ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրամայել է թույլատրել ԶՈւ միջին եւ ստորին օղակների հրամանատարներին՝ հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնել:

Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ Օհանյանը հայտարարեց, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:

Նախարարի խոքսով, նախ, պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավումը, դիտարկման համակարգի կատարելագործումը, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնել՝ պարապմունքներ անցկացնել բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ պատժել հակառակորդին և որոշ դեպքերում նախահարձակ լինել՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:

«Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց Օհանյանը:

Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասել է նախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Սգո մատյանը բաց կլինի մինչև հունվարի 16-ը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի անունը -«Երկիր Մեդիա»’