‘Սեյրան Օհանյան. Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում երբեք չի լինի’

805

Հակոբ Ինջիղուլյանը գիշերային պայմաններում մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իսկ նրան վերադարձնելուն հիմնականում խոչընդոտում է  Ադրբեջանի ղեկավարության հետ պետական կապի բացակայությունը: Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, այսօր ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են միջազգային կազմակերպության միջնորդությամբ:

«Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ նա ցանկանում է երրորդ երկիր գնալ: Մեր կողմից հետեւյալ հայտարարությունն եմ արել, որ Հակոբի նկատմամբ իրավական հետապնդում երբեք չի լինի, քանի որ նա մոլորվել է: Երբեւէ ՀՀ զինված ուժերի պատմության մեջ չի եղել, որ Ադրբեջանի տարածք մոլորությամբ հայտնված զինծառայողը իրավական հետապնդման ենթարկվի եւ դատվի: Ես չէի ցանկանա, որպեսզի որեւէ մեկը լիներ Հակոբի տեղը եւ գերեվարման մեջ ընկներ: Մինչեւ օրս էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավորապես պատկերացնում ենք»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: 

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին պաշտոնաթողությունից հետո չի դադարեցնի քաղաքական գործունեությունը’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացումը օրակարգում է’