‘Սեյրան Օհանյան. Մհեր Խլղաթյանի գործով բոլոր մեղավորները կպատժվեն’

297

Մհեր Խլղաթյանի գործով բոլոր մեղավորները կպատժվեն, հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ հունվարի 13-ի գիշերը 18-ամյա ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը թոքերի բորբոքումով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Օհանյանը հաղորդել է, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում, ուշադրություն, իրավապահ մարմինները դեռ պետք է պարզեն, թե արդյո՞ք զինվորի նկատմամբ ուժ է կիրառվել: Ըստ նախնական տվյալների, կան ձերբակալվածներ: «Մեղավորները կպատժվեն: Դա վերաբերում է ինչպես քրեական պատասխանատվությանը, այնպես էլ` ծառայողական-վարչական»,- հայտարարել է  Օհանյանը: Վերջինս անդրադարձել է նաև նախօրեին ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ զինվոր Հայկ Մակարյանի մահվանը: Օհանյանն ասել է, թե տվյալ դեպքում, ըստ նախնական տեղեկությունների, խոսքը վերաբերում է մենինգիտի սրընթաց զարգացմանը: Վերջնական տվյալները կստացվեն դիահերձման և դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում:

  

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Թոշակառուն ստացել է 9 տարիների համար պակաս վճարված կենսաթոշակի գումարը’