‘Սենսացիոն մանրամասներ ԵՄ-Հայաստան ստրասբուրգյան նիստից’

306

Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցությանհանձնաժողովի 14-րդ նիստում տեղի ունեցածի նոր մանրամասներ են ի հայտ գալիս, որոնցից կարելի է եզրակացություններ անել, թե ինչ հեռանկար կարող ունեն ԵՄ- Հայաստան հարաբերությունները:

Ըստ էության, այս նիստն առաջինն էր Հայաստանի Մաքսային միության միանալու որոշումից հետո, ու այնտեղ պետք է քննարկվեր Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հնարավորությունները, սակայն սենսացիոն ընթացք է ստացել: 

Հայաստանը ներկայացած էր հետևյալ կազմով`ղեկավար ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյան, ՀՀԿ պատգմավոր Վահրամ Բաղդասարյան, ով պետք է զեկուցեր տնտեսական թեմաներով համագործակցության շուրջ, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյան, ով պետք է ելույթ ունենար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շուրջ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պետք է ներկայացներ տարածաշրջանային համագործացության մանրամասները, Թևան Պողոսյանը`Լեռնային Ղարաբաղի հարցով էր զեկուցելու, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Մարգարիտ Եսայանը`ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության հեռանկարների շուրջ: Այսինքն՝ բավականին լայն օրակարգով քննարկումներ էին տեղի ունենալու:

Սակայն, ինչպես պարզ է դառնում մամուլի տարբեր հրապարակումներից, նախ ԵՄ պատվիրակությունը չի ներկայացել այն կազմով, որ նախատեսվում էր: Ընդամենը 4-5 հոգի են ներկա եղել, ու պատճառաբանելով ժամանակի սղությունը՝ առաջարկել են ելույթները մի կողմ դնել ու քննարկումներին անցնել հարց ու պատասխանի ֆորմատով:

ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Հայաստանի հետ լայնընդգրկուն տնտեսական համագործակցության հարցեր էին բարձրացվել ու լուծումներ էին առաջարկվել: Ապա նա հարց է ուղղել ՀՀ պատվիրակությանը, թե Մաքսային միությանը միանալուց հետո ինչպիսի օրակարգային հարցեր է տեսնում ՀՀ պատվիրակությունը, ԵՄ-ի տնտեսական կապերի ինչ նոր ձևաչափ է տեսնում և որն էր Մաքսային միությանը անդամագրվելու շահը: Այս հարցին փորձել է պատասխանել ՀՀԿ պատգամավորներից Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե  Հայաստանին «պայծառ ապագա է սպասվում Մաքսային միությունում», «Հայաստանի տնտեսությունը ծաղկելու է ՄՄ-ի կազմի մեջ մտնելուց հետո»: 50-ականների բառապաշարով այս գովքը լսելուց հետո, հարցն ուղղած ԵՄ պատվիրակության անդամն ուղղակի ցուցադրաբար լքել է նիստերի սրահը:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գովերգել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն ու մեղադրել ԵՄ-ին նրանում, որ բանակցությունների ժամանակ հաշվի չի առնվել ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի անվտանգության հարցը: Սրան ի պատասխան`ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները շեշտել են, որ ՀՀ հետ բանակցությունների ժամանակ իրենք բազմիցս հարց են ուղղել հայկական կողմին, թե արդյոք շատ լայնընդգրկուն համագործակցությունը չի խանգարի հայ-ռուսական հարաբերություններին ու անվտանգության հարցում խնդիրներ չի առաջացնի, ինչին ի պատասխան՝ Հայաստանի ներկայացուցիչները պնդել են շատ խոր համագործակցության ձևաչափը`համոզելով, որ ԵՄ-Հայաստան ասոցացման գործընթացը բացասական չի անդրադառնա ՌԴ-ի հետ Հայաստանի կապերի վրա:

Ապա ՀՀԿ պատգավորը բողոքել է ԵՄ-ից`մեղադրելով, որ այս միությունը ակտիվ չի միջամտում ղարաբաղյան հարցին ու չի դատապարտում Ադրբեջանի գործողություններին: Սրան էլ եվրախորհրդարանակնները նշել են, որ ՀՀԿ պատգամավորը, ենթադրաբար, լավ չի տիրապետում ղարաբաղյան խնդրին, քանի որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵՄ-ի կողմից եղել է առաջարկ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիային փոխարինել ԵՄ-ով, սակայն ՀՀ նախագահը մերժել է այդ առաջարկը:

Սրան հետևել է ԵՄ պատվիրակության Ռումինիայի ներկայացուցչի մեկնաբանությունը, որ փաստացիորեն ՀՀ-ի հետ նոր համագործակցությունը պետք է սկսել ուղղակի զրոյից, քանի որ նախկինում ամբողջությամբ տեղեկացված չի եղել, թե ինչ տրամադրություններ են տիրում Հայաստանում: Նա նաև նշել է, որ իրենց մոտ վստահության խնդիր կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր ներկայացնում են Հայաստանը ԵՄի հետ շփումներում: Ապա նույնպես հեռացել է: Իսկ ԵՄ պատվիրակության մի հունգարացի է, ով, ի դեպ, համարվում է հայանպաստ դիրքորոշում ունեցող, հայտարարել է, որ, փաստորեն, Հայաստանի հետ համագործակցությունը քննարկելու համար պետք է նախ համաձայնություն ձեռք բերել ՌԴի հետ:

Ահա նման, մեզ համար ամոթալի մթնոլորտում է ընթացել ամբողջ քննարկումը: ԵՄ պատվիրակությունը առաջարկել է, այնուամենայնիվ, որևէ ֆորմալ փաստաղութ ստորագրել տեղի ունեցած քննարկումների շուրջ, սակայն այստեղ էլ անմիջապես դեմ է դուրս եկել ՀՀԿ պատգամավոր ու հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանը իր քայլը պատճառաբանել է ստորագրվելիք փաստաղթղթում ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ ձևակերպման առկայությամբ: Իրականում դա պետք է լիներ ընդամենը ոչինչ չասող մի ձևական փաստաթուղթ, հետևաբար դրա դեմ նման տրամադրավածությունը զարմացրել է ոչ միայն ԵՄ, այլև հայկական պատվիրակության անդամներին:  Սամվել Ֆարմանյանի այս դիրքորոշումը իր հարցազրույցում պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեկնաբանել է նրանով, որ «մեր իշխանություներն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպականկառույցների հետ որևէ փասթաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը»: Ըստ Թևան Պողոսյանի` Եվրոպական խորհրդարանականների կողմից առաջարկվող տեքստում հավասարության նշան էր դրվումՀայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնայած կար հնարավորություն մշակելու տեքստ, որը չէր հակասի Հայաստանի շահերին: Սակայն ըստ նրա`հայկական պատվիրակության անդամներն այս հարցում չկարողացան լեզու գտնել միմյանց հետ, ու արդյունքում ոչինչ չստորագրվեց: Ահա այսպես ավարտվել է նիստը, իսկ հետո պլանավորված համատեղ ճաշը տեղի չի ունեցել, քանի որ ԵՄ պատվիրակության անդամները ուղղակի չեն եկել`մասնակցելու դրան:

Կարելի է արձանագրել, որ նիստը տապալվել է, ու որևէ կերպ չի նպաստել ԵՄի հետ հետագա երկխոսությանը, ու այստեղ կան կոնկրետ պատճառներ:

Ինչո՞ւ է տապալվել նիստը

Օրերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն նոր փաստաթուղթ է մշակել Արևելյան գործընկերության 6 երկրների հետ նոր ձևաչափովհամագործակցելու շուրջ: «Եվրոպական փաթեթ» անունը կրող այս նոր նախագծում Հայաստանի մասով ասված է, որ պետք է  Գործընկերության մասին համաձայնագրի կարգավիճակը ավելի բարձր մակարդակի վրա դնել: Այլ կերպ ասած`ԵՄ-ն շահագրգիռ է ինչպես մյուս հետխորհդրային 5 երկրների, այնպես էլ Հայաստանի հետ շարունակել ինտեգրման գործընթացը:  Ենթադրաբար, հենց սա է պատճառը, որ Սամվել Ֆարմանյանը ամեն կերպ փորձել է խուսափել փաստաթղթի ստորագրումից, քանի որ Սերժ Սարգսյանը, չնայած օրերս Չեխիայում Սերժ Սարգսյանը խոսում էր «և՛…և՛…» սկզբունքով առաջանորդվելու իր պլաններից, վախենում է կատարել ցանկացած քայլ, որը ինչոր կերպ կարող է նյարդայնացնել Ռուսաստանին: Այլ կերպ ասած`Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, հանուն սեփական աթոռի, պատրաստ է ընդհանրապես հրաժարվել կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունից ու Հայաստանը ուղղակի դարձնել ՌԴ կցորդ, որը չունի սեփական որոշումներ ընդունելու կամք: Հիշեցնենք, թե ինչ հանգստությամբ էր ՀՀ ֆինանսների փոխնախարարը խոսում նրանից, որ այսուհետ ԵՄ-ի հետ առևտրային կապերի շուրջ Հայաստանի փոխարեն բանակցելու է ԵՄ-ն: Այլ կերպ ասած`ՀՀ իշխանությունները բացարձակ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հավասարակշիռ հարաբերություններ, երբ դու ունես ինչպես ռազմավարական-գործընկերային և ոչ թե վասալային հարաբերություններ Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ սերտ կապեր Արևմուտքի հետ: Երբ որևէ կերպ քաղաքականության հիմքում երկրի ազգային շահերը չեն դրվում, մանևրելու նման չհաշվարկված փորձերը երկիրը հասցնում են նման ծանր վիճակի:

Նելլի Սարուխանյան

www.zham.am

Նախորդ հոդվածը‘Մուսինյան. Ոստիկանությունը հերթական անգամ իր հավատարիմ` ապօրինի ոճի մեջ է գործել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյի հուշումից հետո է հասկանում, որ պետք է ողջունել մարզիկներին (Բացառիկ տեսանյութ)’