‘Սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստ Սաֆարովի թեմայով’

1535

Սեպտեմբերի 3-ին Հովիկ Աբրահամյանի հրավիրել է խորհրդակցություն` ԱԺ փոխնախագահների, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում են ԱԺ-ից, խորհրդակցությանը քննարկվել են 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը եւ ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը: Հովիկ Աբրահամյանը առաջարկել է սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան: Նա հիշեցրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը` ի թիվս այլ քայլերի, նպատակահարմար է գտել  համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով եւ էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության,  փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին: Հովիկ  Աբրահամյանը առաջարկել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունել  եւ այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկել:

Խոհրդակցության մասնակիցները ներկայարցրել են իրենց դատապարտող դիրքորոշումները, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվել է խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ  հայտարարության  նախագիծ կազմելու  համար:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ  արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն պահանջում է «վերատեսության ենթարկել բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Սաֆարովի արտահանձնումը հարված է բանակցային գործընթացին’