‘Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության 2012 թ. աշխատանքի արդյունքները’

781

Հունվարի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս է տվել, որտեղ ամփոփել է նախարարության 2012 թ. գործունեությունը և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Այսպես, խոսելով ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների մասին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների «վերաբեռնումը» չի կարող հավերժ շարունակվել: Եթե դա համակարգչային տերմին է, ապա բոլորի համար էլ հասկանալի է, որ հավերժ վերաբեռնումը համակարգի խափանում է նշանակում»: Ըստ Լավրովի՝ «ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում «գլխավոր խայծը» շարունակում է մնալ ՀՕՊ –ի խնդիրը, սակայն Մոսկվան, առաջվա պես, պատրաստ է երկխոսության»: Լավրովը հայտարարել է, որ փետրվարին կայանալիք՝ անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում նախատեսում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ և քննարկել երկու պետությունների միջև ծագած բոլոր խնդիրները:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ՌԾՈՒ զորավարժությունները Միջերկրական ծովում նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, սակայն կապ չունեն Սիրիայի հակամարտության հետ: Սիրիայի հարցում, ըստ Լավրովի, Ռուսաստանի համար առաջնահերթ է այդ երկրում արյունահեղության անհապաղ դադարեցումը և իրավիճակի կայունացումը, ոչ թե Բաշար Ասադի վարչակարգի պահպանումը:

Ամփոփելով 2012 թ. արդյունքներն արտաքին քաղաքական ոլորտում՝ Լավրովը տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մշակել է ՌԴ արտաքին քաղաքականության ոչ թե նոր հայեցակարգ, այլ նոր խմբագրություն: « Առանցքային սկզբունքները, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը, անփոփոխ են: Դրանք ամրագրվել են 2000 թ. ընդունված հայեցակարգում և սահմանում են վարել պրագմատիկ, բաց, կանխատեսելի արտաքին քաղաքականություն, համագործակցել բոլոր պետությունների հետ, որոնք պատրաստ են  դրան՝ իրավահավասարության և փոխշահավետության դիրքերից, և ազգային շահերը  պաշտպանել վճռականորեն, սակայն չհակվելով դիմակայության »,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն երիտասարդական գործազրկության «առաջատարն» է ԱՊՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բաց է Սելիմի լեռնանցքը’