‘Սերգո Տոնոյան «Բանակը դառնում է շրջափակման զոհ»’

19006

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեր հարեւան պետությունների համագործակցության արդյունքն է։ Հայաստանն այդօրինակ ծրագրերից բացակայում է։ Այս ոլորտում հայկական կողմի միակ հաջողությունը Հարավկովկասյան երկաթուղու տրամադրած նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն է։

Հարեւան երեք պետությունների համար այս նոր երկաթգծի նշանակությունը բավական մեծ է: Մեկ այլ երկաթգծով (Կազվին-Ռեշտ) Ադրբեջանն ու Թուրքիան երկաթուղային կապ են հաստատում միմյանց միջեւ, այս անգամ՝ Իրանի միջոցով, կրկին շրջանցելով Հայաստանը: Գաղտնիք չէ, որ այս խոշոր ծրագրերին Հայաստանի իշխանությունները փորձել են հակադրել Հյուսիս-հարավ ճանապարհը: Սակայն, այստեղ էլ հաջողությունները քիչ են: Այսինքն, անիմաստ է խոսել որեւէ հաջողությունից, քանի դեռ այդ ճանապարհը պարզապես չկա:

Միեւնույն ժամանակ՝ հարեւան պետությունների տուրիստական հոսքերի ուղղությունը դեպի Հայաստան փոխելու գործընթացի աննախադեպ հաջողություններից է Գյումրիում կիսավարտ մի փողոցի բացման արարողությունը: Այսուհետ աշխարհի հայտնի տուրիստական կենտրոնները պետք է մտահոգվեն նույն աշխարհի քարտեզի վրա նմանօրինակ մրցակցի ի հայտ գալու կապակցությամբ:

Հիմա, ենթադրենք մի պահ, որ հարեւան պետությունների հետ նորմալ, անմիջական, առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը այնքան էլ աղետաբեր չէ մեզ համար, եւ ինչպես երկու տասնամյակ պնդում են այս իշխանությունները, այդուհանդերձ՝ հնարավոր է զարգանալ այսպիսի պայմաններում: Այս դեպքում, հետեւաբար, բազմաթիվ ոլորտներում հայաստանյան ցուցանիշները առնվազն չպետք է զիջեն հենց այդ հարեւանների ցուցանիշներին կամ գոնե համեմատական լինեն: Ի՞նչ ենք տեսնում փոխարենը: Նրանցը՝ հարյուրավոր կիլոմետրերի արդեն կառուցած երկաթգիծ, մերը՝ ընդամենը մեկ էլեկտրագնացք: Կառավարությունը խոստանում է, որ հաջորդ տարի այս գնացքով ե՛ւ մենք, ե՛ւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները բացառիկ հարմարավետությամբ հազարամյա Երեւանից կհասնենք Գյումրի, որտեղ, երեւի, կհասցնեն սալիկապատել եւս մեկ փողոց: Այսպե՞ս ենք զարգանալու եւ մրցակցելու հարեւան պետությունների եւ քաղաքակիրթ աշխարհի հետ: Բնական է՝ ոչ:

Նման հարցադրումներին ի պատասխան՝ իշխանությունները բերում են, մեկի դեպքում՝ ծովի, մյուսի դեպքում՝ նավթի առկայության եւ այլ փաստարկներ, որոնց դեմ, իսկապես, առարկելու հիմքեր չկան: Ստացվում է, որ հարեւանների ունեցած հնարավորություններն են, որ մեզ թույլ չեն տալիս ոտք մեկնել նրանց հետ: Եւ տարածաշրջանում իր գոյության մասին հիշեցնելու միակ միջոցը, ըստ այդմ, մնում է բանակը: Նման տնտեսությամբ իրապես հզոր բանակ ունենալու հնարավորությունները քիչ են։ Հետեւապես, այս իշխանություններին այլ քայլ չէր մնում, քան պետությունը վերածել «Ազգ-բանակի»։ Չկա տնտեսություն, չկան ճանապարհներ, չկան գիտնականներ, բայց կա բանակ, որ պարտավոր է պաշտպանել երկիրը վտանգներից, ուշադրություն դարձրեք՝ դատարկվող երկիրը՝ ահագնացող վտանգներից:

Երբ երիտասարդները խոսում են գիտության զարգացման, նորարարական տեխնոլոգիաների մասին, պաշտպանության նախարարը այդ ամենի կիրառումը տեսնում է բանակում: Բյուջեի ծախսերի առյուծի բաժինը շարունակում է տրամադրվել պաշտպանության նախարարությանը: Մի՞թե սա է հարեւանների հետ մրցակցության միակ ճանապարհը:

Վերոհիշյալ երկաթգծի բացումը ազդարարելու է Հայաստանի շրջափակման նոր փուլը, ինչին մենք հակազդում ենք ԵՄ-ի հետ անորոշ, դեռ չստորագրված փաստաթղթով, Հայաստանում ներքաղաքական բանավեճի եւ խորհրդարանական ընդդիմության բացակայությամբ, անասելի մեծ արտաքին պարտքով եւ շատուշատ այլ թույլ կողմերով: Շրջափակման ներկա փուլում, դատելով իշխանությունների վարքագծից, Հայաստանը զրկված է զարգացման բոլոր հնարավորություններից եւ գոյատեւման միակ երաշխիքը համարում է բանակի հզորացումը: Իրավիճակի ներկայացումն այլ բացատրություններով, որոնց դիմում է իշխանությունը, իրականությունից խուսափելու հերթական հնարքն է, սեփական սխալները ընդունելու շնորհքի եւ իշխանության լեգիտիմության բացակայությունն է: Ի վերջո, շատ խելք պետք չի ունենալ հասկանալու համար, որ Հայաստանում այնքան քիչ մարդ է մնացել, որ անհրաժեշտ է երիտասարդ գիտնականներին զրկել տարկետման իրավունքից եւ զորակոչել բանակ:

Շրջափակման վտանգը ոչ թե նորակառույց երկաթգծով սլացող գնացքների արձակած ազդանշաններն են, այլ շրջափակմանը հակազդելու մեր անկարողությունը բանակի ուսերին բարդելն է:

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մաթեւոսյան. Երկաթուղու օրհասը’