‘Սերգո Տոնոյան. Բացառել Երկրապահի քաղաքականացումը’

7764

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո, ինչպես հիշում եք՝ ԵԿՄ վարչությունը վերջինիս հեռացրեց միության նախագահի պաշտոնից, եւ բնականաբար՝ առաջ եկավ նոր նախագահ ընտրելու հարցը։

Վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնին է հավակնում Արամ Զ. Սարգսյանը, եւ ինչպես այսօր հայտնի դարձավ՝ վերջինս արդեն տվել է իր համաձայնությունը գլխավորելու Երկրապահ կամավորական միությունը։ Այս կապակցությամբ մամուլում եւ սոցցանցերում, ինչպես նաեւ երկրապահների շարքերում, խոսակցություններ ու քննարկումներ էին սկսվել Արամ Սարգսյանի՝ արցախյան պատերազմին չմասնակցելու, եւ ըստ այդմ էլ՝ Երկրապահը գլխավորելու անթույլատրելիության վերաբերյալ։ Սրանով, սակայն, կարծում ենք՝ ստվերվեց մեկ այլ եւ չափազանց կարեւոր հանգամանք, որ վերաբերում է Արամ Սարգսյանի՝ Երկրապահի նախագահ դառնալու հարցին։

Կարելի է ենթադրել, որ հասարակության որոշ խմբերի, իսկ հատկապես՝ երկրապահների համար, գուցե եւ ցանկալի պահանջ է միության ղեկավարի պաշտոնում տեսնել պատերազմի անմիջական մասնակից որեւէ մեկին։ Սակայն, մեր խորին համոզմամբ՝ առավել կարեւոր է, որ այդ պաշտոնում չհայտնվի որեւէ քաղաքական ուժի ղեկավար, ինչը հղի է Երկրապահը քաղաքական կառույցի վերածելու եւ քաղաքական նպատակներին ծառայացնելու վտանգով։ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահն է, եւ բնական հարց է առաջանում՝ ԵԿՄ նախագահ դառնալու պարագայում վերջինս կհրաժարվի՞ ղեկավարել իր կուսակցությունը։

ԵԿՄ քաղաքականացվածության խնդիրը նոր չի առաջացել եւ մշտապես շահարկվել է։ Թույլատրելի՞ է, արդյոք, Նոր Հայաստանում այսպիսի մոտեցումը։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն թե՜ Արամ Սարգսյանը, թե՜ գործող իշխանությունը։

Իհարկե, եթե Արամ Սարգսյանը պատրաստվում է դադարեցնել կուսակցապետի իր գործունեությունը եւ ամբողջությամբ նվիրվել իր եղբոր՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցի առողջացման խիստ անհրաժեշտ գործին, ապա անխտիր բոլորը կողջունեն եւ կաջակցեն նրան։ Ինչպես շատուշատ ոլորտներում, կառույցներում եւ կազմակերպություններում, այդպես էլ Երկրապահում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար բնավ պարտադիր չէ լինել պատերազմի մասնակից։

Իսկ եթե Արամ Սարգսյանը մտադիր չէ հրաժարվել քաղաքական կառույցի ղեկավարումից եւ պատրաստվում է համատեղությամբ գլխավորել նաեւ Երկրապահը, որը, կրկնենք՝ որեւէ դեպքում չպետք է քաղաքականացվի, ուրեմն միանգամայն տեղին պետք է համարել այս մտահոգությունը։ Չտրվելով հեռուն գնացող մտքերի տրամաբանությանը՝ հուսանք, որ Արամ Սարգսյանը հնարավորինս շուտ կփարատի մեզ եւ կներկայացնի իր ծրագրերը։

Եթե նախկինում, ինչպես նշեցինք՝ մշտապես շահարկվել է Երկրապահի՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացների վրա ազդելու գործոնը, ապա հասկանալի է, որ ներկայումս նմանօրինակ սխալի կրկնությունը պարզապես պետք է բացառել։ Սրանում պարտավոր են շահագրգռված լինել ե՜ւ երկրապահները, ե՜ւ իշխանությունները, ե՛ւ անձամբ Արամ Սարգսյանը։

Նախորդ հոդվածը‘Էրդողանի պաշտոնակալությանը ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Պաշտոնական’