‘Սերգո Տոնոյան. Դիմացեք, քիչ մնաց’

9201

Սերգո Տոնոյանը ֆեյսբուքում գրում է.

Իշխանությունների հլու-հնազանդ քարոզչամեքենան չի հապաղում քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության գործողություններին ահաբեկության բնույթ տալ։ Եթե պարզվի, որ կոյուղաջրի մեջ ազոտական թթու է եղել, իսկ կոմպոզիտոր Վարդազարյանը հենց դրա պատճառով է հոսպիտալացվել, ուրեմն՝ վերջ, պետության դեմ ահաբեկություն է եղել։

Սկսած այն կետից, թե պարզողները ովքեր են լինելու, եւ այդ ո՞ր պետության արդար իրավապահ համակարգն է դա անելու, արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի այլանդակ զրպարտության հետ գործ ունենք։ Մեր երկրում արդարադատություն է տիրու՞մ, եւ դատաբժիշկների արձանագրություններին բոլորը մեկ մարդու պես վստահու՞մ են։ Հենց այս իշխանության օրոք կատարված հանցագործությունները, հենց նրանց գործած ապօրինությունները բացահայտվել եւ արժանի պատժի են ենթարկվե՞լ, որպեսզի այդ վստահությունը անվիճելի լինի։ Կամ, երբ խոսում են պետության անվտանգության մասին՝ մի քանի բանկա կոյուղաջրից սփրթնած, 10 տարում Սերժ Սարգսյանի «ապահոված» արտագաղթի մեղքն էլ է մնու՞մ «ահաբեկիչների» ուսերին։ Թե գրանտակերներն են մարտի 1-ին կրակել ժողովրդի վրա:

Իշխանություններին սատար կանգնողները պետության դարդը քաշելով բանակից գողացող ո՞ր գեներալին են համարձակվում դատի տալ, ո՞ր իշխանավորին են պատրաստվում պետական միջոցների յուրացման համար բանտ նստեցնել, ո՞ր ընտրակեղծարարին են փորձում պատժել։ Այսպիսի իշխանությանը ազոտաթթուն էլ քիչ կլիներ ձեր երազած իսկական պետությունում, լա՜վ իմացեք։

Իսկ զրպարտության մեխը բոլորովին էլ հաստափոր հհկ-ականների նուրբ քթանցքներով անցած թունավորումը չէ (դրանց բծավոր տիֆն էլ չի կպչի, անհոգ կացեք)։ Պետություն ասելով այս քարոզիչները միջնադարին բնորոշ մտածելակերպով մի բան են հասկանում՝ վասալին վայել իրենց ստրկամտությամբ միապետին քծնանք։ Ու դրա համար է, որ գիշեր-ցերեկ ահաբեկության վտանգի սպառնալիքով սրանք, քաչալգլխանի մի երիտհանրապետականի կանխատեսած ֆիլմի բովանդակությանը մարտաֆիլմի տարրեր ավելացնելով՝ պետության անվտանգության հարցը կապում են մի մարդու անվան հետ։

Զավեշտ է, բայց պետության անվտանգության մասին հոգացողներն ահաբեկություն չեն համարում մարտի 1-ը, ընտրակեղծարարությունը, արտագաղթը, իսկ կոյուղաջրի ենթադրյալ ազոտաթթվից վայնասուն են բարձրացրել։ Ի՞նչ է պատահել, պարոնայք, դուք է՞լ եք դժվարությամբ դիտում «Բռնապետության հաստատումը Հայաստանում» ֆիլմի վերջին մասը։ Դիմացեք, քիչ մնաց։

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը մարտի 1-ի դատին հետամուտ է լինելու մինչև վերջ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի խորհրդարանը քննարկել եւ մերժել է Մեծ Եղեռնի ճանաչման բանաձեւը’