‘Սերգո Տոնոյան. Պոպուլիզմից հրաժարվելը՝ իշխանության վախճանը’

14612

Ազգային ժողովում, Կառավարության՝ 2017-2022թթ․ ծրագիրը ներկայացնելիս, Կարեն Կարապետյանը ոչ թե հուսալքելու, այլ իրականությունը հստակ պատկերացնելու նպատակով հատուկ շեշտում է, որ մեր երկրի սահմանների 83%-ը փակ է։ Բարդ աշխարհաքաղաքական միջավայրը, որտեղ մեզ բախտ է վիճակած ապրել, վարչապետին մեծ հույսեր չի ներշնչում, ուստի եւ նրան այլ բան չի մնում, քան անկեղծորեն հայտարարել, որ «մեր իրականությունը դեռ երկար լինելու է այսպիսին»:

Գաղտնիք չէ, որ մեր սահմանների 83% փակ է բացառապես Արցախյան հարցի չկարգավորվածության պատճառով։ Հետևաբար, երբ Կարեն Կարապետյանն ասում է, որ իրենք ծրագիրը գրել են՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու մեր համեստ հնարավորությունները, և անշու՜շտ, լինելու են իրատես, ցանկություն է առաջանում տեսնել ելույթի կամ ծրագրի՝ Արցախին վերաբերող հատվածը։ Ի՞նչ եք կարծում հակամարտության կարգավորման, այսինքն՝ լուծման վերաբերյալ որևէ տող կա՞ գրած՝ կենաց հիշեցնող մի քանի տխուր պարբերությունների մեջ։ Բնականաբար՝ չկա, որովհետեւ այս մարդն իր ելույթում չի ասում, թե հակամարտությունը պետք է լուծել, եւ փակ սահմաններն էլ բացել, այլ շատ բարի դեմքով, իր նախորդների պես, կրկնում է նույն սուտը, որ քսան տարի է՝  մենք լսում ենք, այն է՝ հնարավոր է զարգանալ ստատուս-քվոյի պայմաններում:

Այս անգամ դա հնարավոր է «Ազգ-բանակ»-ի միջոցով, երբ Հայաստանում ինքնուրույն գործող լավագույն կրթական ծրագրերից մեկը՝ Թումոն, ստիպված ռազմականացվում է, դա հնարավոր է Հայաստանը տուրիստական երկիր դարձնելու միջոցով, երբ գյուղերը քարուքանդ վիճակում են եւ օր օրի դատարկվում են, ու «տրամաբանական» է, որ «Հայկական գյուղ» նախագիծը պետք է կառուցել Երեւանում՝ Դալմայի այգիներում: Վերջապես, հնարավոր է զարգանալ, որովհետեւ կախարդական փայտիկ չունեցող վարչապետը գոնե «ժոստկի կոնտրոլ» է պահանջում, ինչի արդյունքը վաղ թե ուշ տեսնելու ենք:

Իրականում, եթե նկատել եք՝ որքան մեր քաղաքական եւ հասարակական շրջանակները ավելի բարձր են խոսում մեզ սպասող երանելի ապագայից, որտեղ բոլորը լեգիտիմ են, սահմանները՝ ծովից ծով, իսկ բնակչությունը՝ 4 միլիոն, այնքան  զոհերն ավելանում են: Հարց է առաջանում՝ Հայաստանը «լյուքս» կարգի երկիր կառուցելու գործը գլուխ բերելուց առաջ կարո՞ղ ենք պարզել, թե 83%-ով փակ սահմաններին քանի տարի դեռ պետք է զինվորներ զոհվեն եւ ի՞նչ հաճախականությամբ: Կա՞ն այս թվերը Կառավարության կամ որեւէ այլ ծրագրում: Եթե չկան, ուրեմն՝ արդյո՞ք սա ամենասովորական պոպուլիզմը չէ: Միգուցե: Սակայն վարչապետը ԱԺ ամբիոնից շտապում է հայտարարել, որ իրենք այլ ճանապարհ չունեն, քան պոպուլիզմից և կարծրատիպերից հրաժարվելը։ Սու՜տ է, ունեն և որերորդ անգամ Հայաստանն ու Արցախը տանում են հենց այդ սխալ ճանապարհով։

Պոպուլիզմից հրաժարվելը ոչ միայն այս իշխանության, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի առնվազն 83%-ի վախճանն է լինելու: Բոլշեւիկներից ժառանգած պաթետիկ քարոզչությունը, այն է՝ բոլոր դժվարությունները, զրկանքները, սովն ու անգամ մահը՝ գնդակահարության տեսքով, համարել ժամանակավոր երեւույթներ եւ անհրաժեշտ զոհողություններ՝  վաղվա պայծառ օրվա համար, պետության քայքայման հիմքն է: Հին բոլշեւիկները տասնամյակներով չխոստովանեցին իրենց իրական նպատակները, նաեւ սխալները, եւ արդյունքում կործանեցին երկիրը, նույնն էլ անում է վերջին բոլշեւիկը՝ ամեն եկող նոր կառավարությանը, խորհրդարանին, հաճախորդին, գործարարին կամ մտավորականին ստիպելով ամեն գնով մարդկանց ենթագիտակցության մեջ շարունակել «Ծովից ծով, ապահով Հայաստանի» կառուցապատումը: Ինչ էլ լինի, ձախողելու պարագայում, հեշտությամբ կգտնվեն մեղավորներ՝ ոչ ռացիոնալ Ալիեւից մինչեւ անհաջողակության եւ անգրագիտության մեջ մեղադրվող սեփական ժողովուրդը:

Ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ խորհրդարանական ուժերը պոպուլիզմից հրաժարվելու որեւէ ցանկություն, իսկ ավելի ստույգ՝ հնարավորություն չունեն: Տալ այդ հնարավորությունը մեկին՝ Սերժ Սարգսյանի համար կնշանակի հանձնել իշխանությունը, իսկ նա, թերեւս, բացեիբաց հայտնում է, որ ապագայում ով էլ լինի վարչապետ, պետք է գործ ունենա իր հետ: Սա, իսկապես, պոպուլիզմից դուրս հայտարարություն էր:

 

Նախորդ հոդվածը‘Փարիզում հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում տրամվայի վարորդները աշխատանքի են եկել կիսաշրջազգեստով’