‘Սերգո Տոնոյան. Սահմանադրական կարգի վերականգնման անհրաժեշտությունը’

6969

Հայաստանում տեղի ունեցող ծավալուն քաղաքական իրադարձությունների ընթացքը գնահատելիս միանգամայն հասկանալի են զգացմունքային տարատեսակ դրսեւորումները։ Ի վերջո անհերքելի է, որ այս Շարժումն արդարացիորեն է համարվում համաժողովրդական։ Ուստիեւ անհնար է պատկերացնել, որ նման գերկենտրոնացած էներգետիկ դաշտի պոռթկումն անկարող է առաջացնել մարդկանց հուզումներով, զգացմունքներով արտահայտված այսպիսի վառ մթնոլորտ։

Սակայն, ինչպիսի նկարագրություն էլ տանք ընթացող գործընթացին, ակնհայտ է, որ նրա առանցքը քաղաքականությունն է, եւ հենց քաղաքական դաշտն է արտացոլում ստեղծված իրավիճակի բովանդակությունը։ Ժողովուրդն իր գործողությունները քայլ առ քայլ իրականացրեց քաղաքակա՜ն իրադարձություններին հետեւելով, եւ բոլորովին էլ կարեւոր չէ քննել, թե որը որին հաջորդեց, այլ էական է արձանագրել, որ քաղաքական դաշտում կատարվող փոփոխություններն են գործընթացի շարժիչ ուժը։ Որքան էլ ժողովուրդը ոգեւորված եւ հուզական լինի սիրո եւ հանդուրժողականության, հույսի եւ հավատի մթնոլորտում՝ առաջնորդվելով սեփական ապագայի նոր տեսլականի պատկերացումով, գործընթացի քաղաքական մասն ուրվագծվում է բացառապես փաստերով, որոնք էլ սահմանում են Շարժման բուն նպատակն ու բովանդակությունը։

Դժվար չէ նկատել, որ Հայաստանում բռնապետական ռեժիմի տապալումն ու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը չեն սկսվում եւ ավարտվում վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ։ Սրանք անչափ կարեւոր եւ ելակետային քայլեր էին, որոնք սակայն, չեն ապահովում Հայաստանում Սահմանադրական կարգի վերահաստատման լիակատար եւ անբեկանելի հաղթանակը: Պետք է շատ հստակ գիտակցել, որ Հայաստանի ներքաղաքական դրության երկարատեւ ճգնաժամը հենց Սահմանադրական կարգի խափանումն է, ինչը երկար տարիներ խոչընդոտել է պետության բնականոն զարգացումը: Եթե անգամ մատնանշվի Հայաստանի եւ Արցախի անվտանգության, սոցիալ-տնտեսական կամ ժողովրդագրության զարգացումը խոչընդոտող որեւէ այլ, ոչ պակաս կարեւոր պատճառ, միեւնույն է՝ դրանց հաղթահարման անառարկելի  նախապայմանն է Սահմանադրական կարգի վերականգնումը:

Այս օրերին հաճախ արծարծվող թեմաներից մեկն, անշուշտ, Հայաստանում նախկինում տեղի ունեցած անխտիր բոլոր համաժողովրդական շարժումների հաջողությունների եւ ձախողումների համեմատությունն էր ներկայիս գործընթացների հետ: Այնինչ՝ չվիճարկելով անցկացվող զուգահեռների կարեւորության եւ դրանցից բխող տրամաբանական եզրակացությունների եւ վերլուծությունների անհրաժեշտության փաստը, կարելի է պարզապես արձանագրել, որ Սահմանադրական կարգի վերականգման համար մղած տասնամյակների պայքարը ներկայումս թեւակոխել է ամենանպաստավոր փուլ, իսկ օրինակարգության եւ ժողովրդավարության հաստատման հետագա հաղթանակների համար՝ կուտակել առավելագույն պաշարը: Բնականաբար, դժվար չէ նաեւ կռահել, որ Սահմանադրական կարգի վերականգնման հաջորդ եւ պարտադիր հանգրվանն օրինական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումն է: Միայն այս ճանապարհով է հնարավոր լուծել Հայաստանի եւ Արցախի բազմաթիվ խնդիրները, որոնց հաղթահարման համար նախկինում գործադրած նույնիսկ ամենաազնիվ ջանքերը մշտապես հանդիպել են լեգիտիմության բացակայության պատճառով առաջացած թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով պայմանավորված խոչընդոտներին:

Չպետք է մոռանալ, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների եւ ազատության համար մղած երկարամյա պայքարը մշտապես պարտություն է կրել համապետական ընտրությունների անցկացման գործընթացում տեղ գտած բոլոր տեսակի անօրինականությունների դրսեւորման պատճառով: Ընտրությունների կեղծումն ու ետընտրական զարգացումների բռնաճնշումները, իսկ դրանցից հետո լեգիտիմության շոշափելի պակասը զգացող իշխանությունների գոյությունը մեր իրականության մեջ ամենախոցելի կետերն էին: Հետեւաբար, անսալով համաժողովրդական ոգեւորությանը, Հայաստանի եւ Արցախի ապագայի համար մտահոգ բոլոր ուժերն իրենց կարողությունները պետք է ներդնեն Սահմանադրական կարգի եւ օրինակարգության վերականգնման գործում, ինչի համար առնվազն առաջին անհրաժեշտ քայլերն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու դրա արդյունքում լեգիտիմ իշխանության ձեւավորումը:

Նախորդ հոդվածը‘ԿԳՆ. Քննությունների գրաֆիկ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես որոշ կայքեր ակնհայտորեն խեղաթյուրեցին Տեր-Պետրոսյանի հոդվածը’