‘Սերժը միայն ժողովրդական ճնշման առաջ տեղի կտա’

2640

«Երբ ինքներդ ձեզ ասում եք՝ կրկին փորձենք, միշտ հիշեք՝ արդյո՞ք բավականաչափ հարուստ եք մի անգամ ե՛ւս պարտվելու համար»:

Նիցշե

Շանթի անձը չեմ որակավորելու: Չեմ դիտարկելու՝ հեղափոխությունը պետպատվերի շրջանակներում էր, թե հերթական ինքնաբուխների շարքից, «մոլոտովյան կոկտեյլներն» իսկապես ինքնաշե՞ն էին, թե՞  ներկրովի:

Այդպես վարվողների պակաս չկա՛: Ազնիվ, թե անազնիվ մղումներով՝ էլի՛ չեմ պատրաստվում քննարկել: Մեր տարօրինակ օրերում, հարյուր ստահակի կողքին՝ գուցե տասը նորմալ մարդ էլ գտնես, ի՞նչ կա որ: Թվաբանությունն, այսինքն, հաստա՛տ ամենակարեւոր ցուցիչը չէ այս դեպքում:

Բայց հայտնի դեպքերի առնչությամբ ուրիշ էլ ի՞նչի շուրջ է հնարավոր կենտրոնանալ, եթե չենք ցանկանում դիտարկել նույնիսկ հարցը՝ թե արդյո՞ք Շանթի ու իր ընկերների գործողություններում քրեական հանցակազմ կար: Կամ՝ մերժելի՞ է, արդյոք, բռնությունը բոլոր դեպքերում եւ ցանկացա՛ծ պարագայի համար: Մանավանդ որ, դեռ անհրաժեշտ է պարզել՝ իրադարձությունների կենտրոնում հատկապես շանթողնե՞րն են եղել, թե՞ ինչ-որ հրաշքով տեղում հայտնված նեմեցա-լֆիկական թիկնազորը, քաղաքացիական հագուստով տարատեսակ մենթերն ու ներդրված գործակալները…

Բնականաբար՝ Բաղրամյան 26-ի՛: Այս ամենի ամրագրումից հետո կամ դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է կենտրոնանալ հատկապես Բաղրամյան 26-ի «վրա», որտեղ իշխանությունն ու թալանած ինչքը ամեն գնով պահպանելու մղումով՝ անգամ մարտիմեկյան տխուր փորձառությունից չեն դասեր քաղել: Ավելին՝ այս տարիների ընթացքում իրենց համար նույնիսկ  «մի ապահով ու երգով նահանջի» տեղ չեն թողել: Ինչպես երեւում է՝ բոլորովին դեմ չեն նաեւ «ներքին արնաթողությանը» մահապարտորեն ծավալային բնույթ հաղորդել…

Այնպես որ, պետք չէ խաբվել, եթե նույնիսկ նոյեմբերի 5-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մարտի մեկից հետո իշխանությունները եթե որեւէ եզրակացության եկել էլ են, ապա միայն նենգությունը ոսկերչական հմտությամբ իրագործելու  եւ  ոստիկանությանն անհամեմատ «բարիացնելու» աղոթարար ցուցքով:

Ո՞վ էր նման բան տեսել. հայտարարես, որ ուժն է ծնում իրավունք, ոստիկանների ներկայությամբ մեկ առ մեկ թվես, թե ձեռքիդ տակ ինչ «մարտական միջոցներ են առկա», ճիշտ Օսիպյանի քթի տակ բենզինի շշեր պայթեցնես, շարժվես դեպի նախագահական նստավայր, եւ միայն այդ ժամանակ Օսիպյանը տեղից շարժվի՝ վիճարկելով՝ մայթո՞վ, թե՞ հենց փողոցով Բաղրամյան 26 հասնելու հրամայականը: Այն նույն Օսիպյանն ու մյուսները, ովքեր մարտի մեկին անփայտ-անշիշ մարդկանց էին կոտորում վրանների տակ: Ընդ որում՝ սաֆարովավարի: Քնած եւ անզեն մարդկանց…

Նոյեմբերյան բարությունից, ուրեմն, պետք չէ խաբվել: Ինչպես արդեն նկատեցինք՝ տոկոսադրույքը չափազանց մեծ է՝ իշխանությունը մի թափից Շանթին նվիրելու, նրա եւ ընկերների ոտքերի առաջ կարմիր գորգ փռելու համար:

Այս պարագայում պիտի մի ամբողջ ժողովուրդ ոտքի կանգնի: Միայն այդպե՛ս: 100, 200, 300.000 մարդ, կես միլիոն, 1 միլիոն քաղաքացի առտնին գործերով զբաղվելու ընդամենը մեկ օր պիտի ջնջի իր օրացույցից ու գա Ազատության հրապարակ: Առանձին մարդուն ու խմբին չափազանց հեշտ է սադրել, զրկել իրադրության տերը լինելուց, իսկ ահա համաժողովրդական ընդվզմանը՝ո՛չ:

Հավատացեք, միայն ա՛յդ դեպքում Սերժ Սարգսյանը տեղի կտա, իսկ զորավար Վովան կգնա որեւէ վանքում ըստ էության աղոթելու: Գուցե նաեւ՝ ճգնելու, ո՞վ գիտե…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Բլյուզմեն Քենոնը «նախանձում է» հայ երաժիշտների մազածածկույթին ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլայ Ռիժկով. Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը’