‘Սերժի Հայաստանի տեղը կասե՞ք, ուզում եմ այնտեղ ապրել’

1799

          Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…

                                                                                                Հովհ. Շիրազ

Նախատոնական օրերին քննելով Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձներն ու այդպես էլ երբեք իրականություն չդարձած շռայլ խոստումները, նաեւ դիտարկելով Հայաստանի թշվառ դրությունը՝ տեսակետ էի հայտնել, թե գուցե առհասարակ չարժի՞ որեւէ ուղերձով դիմել նրանց, ովքեր քեզ ոչ միայն ընտրված նախագահ չեն համարում, այլեւ համոզում ունեն, որ հենց քո՛ կառավարման տարիներին է Հայաստանն ամենամեծ կորուստներն արձանագրել:

Ընդ որում՝ հստակ կանխատեսելով, որ թատրոնից հրաժարումն այս վարչակազմի համար մահվանը հավասարազոր սարսափ է, նաեւ տարակուսել էի, թե տեսնես ի՞նչ երեսով է Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, դիմելու նրանց, ովքեր նույնիսկ իր վարչապետի խոստովանությա՛մբ են մոտ 65%-ով աղքատ: Ասել կուզի՝ օրվա հացի կարոտ: Չասենք այլեւս՝ անպաշտպան եւ ճնշված:

Բայց արի տես, որ որքան վատ՝ այնքան ինքնավստահ:

Եւ իրոք. Սերժ Սարգսյանն, այս տարվա համեմատությամբ՝ անցած տարի, օրինակ, համեստության տիպար էր: Համենայն դեպս, իրենից չկախված ինչ-որ անշառ ծնունդների, ամուսնությունների, աշակերտների ու զինվորների մասին էր խոսում, նրանց հետ կապված թվերն էր որպես հաջողություն դիտարկում: Այլ կերպ ասած՝  իրական հիմք ու հասցեատեր էր փորձում գտնել իր շնորհավորանքի համար:

Իսկ այ՝ այս տարի ամեն բան ուրիշ էր: Բացառիկ ոչ ադեկվատ: Ես կասեի նույնիսկ՝ 2009-ի խանդավառ անցյալ էր մարդը տեղափոխվել, երբ ամեն բան նոր էր սկսում եւ գուցե անկեղծորեն էլ այն կարծիքին էր, թե ծովը ծնկներից է…

Ինչե՜ր չարժեն ուղերձի հենց միայն այս տողերը. «Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ»:

Պատկերացրի՞ք՝ նախաձեռություններ, իրադարձություններ, տնտեսական վերելքին եւ անվտանգությանը միտված խորը եւ գիտակցված աշխատանք:

Գժվել կարելի է:

Եւ սրանք քիչ են՝ կրկին մոռացված մրցունակ Հայաստանն է մեջտեղ գալիս, որի որոնումներով, որպես ցանկալի մի Շամբալա, արդեն քանի տարի՝ բոլո՛րս ենք զբաղված: Պարզ մի պատճառով՝ ուզում ենք այդ Հայաստանու՛մ ապրել, այլ բան չհասկանաք…

Բայց էդպես՝ մենք՝ միամիտներով:

Ի տարբերություն մեզ՝ իրական Հայաստանի տեղապահ կարգվածին, օրինակ, Սուրիկ Խաչատրյանը կամ հայտնի Լիսկան ամենից լա՛վ է ճանաչում: Դրա համար էլ, ընտանյոք հանդերձ Ամանորը Եվրոպայում անցկացնելու պատճառաբանությամբ, իր ընտանիքին ուղղակի փախցրեց Հայաստանից՝ հրաշալի  իմանալով՝ ինչ արժեն Սերժ Սարգսյանի բարեկամությունն ու որդու անվտանգության առիթով տրված խոստումները…

Ընդ որում՝ Լիսկան իր ընտրությամբ, փաստորեն, ձեռնոց է նետել շեֆին:

Կարող էր, չէ՞, իր հանցագործ որդուն Մաքսային միության տարածքի որեւէ երկիր տեղափոխվել: Բայց ոչ՝ ընտրվել է հատկապես Եվրոպան:

Այն նույն Եվրոպան, որի առաջարկած անվտանգության միջոցները հրապարակայնորեն նաեւ Լիսկայի՛ն ձեռք չեն տալիս…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական քանակակազմ է մտցնում Հարավային Կորեա ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների զանգվածային հեռացումների առիթով’