‘Սերժ Սարգսյանը՝ Արմեն Էլբակյանին. «Բարձր եմ գնահատում Ձեր ամպհովանու տաղանդը»’

1800

Ամպոհվանի պահողի կամ ուղղակի ամպհովանու պաշտոնը այժմ Հայաստանում բարձր է գնահատվում, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին բարձրակարգ ծառայություն մատուցելուն, առավելեւս՝ երբ դա արվում է մշակութային գործչի կողմից:

Այսօր լրանում է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի 60-ամյակը: Նա վերջերս աչքի էր ընկել վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ միասին Սերժ Սարգսյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին պատարագից առաջ ուղեկցելու եւ երկուսի գլխին «ամպի պես» կանգնած լինելուց հետո: Նման ծառայությունը բարձր գնահատելով՝ Սարգսյանը շնորհավարական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»:

Վերը նշված պատմությունից հետո ավելի ռեալ կլինի նամակի բովանդակությունը մեկնաբանել ավելի ճիշտ ենթատեքստով՝ այնպիսին, ինչպիսին իրականում կա:

Սերժ Սարգսյանի շնորհավորանքը վաստակավոր արտիստ Արմեն Էլբակյանին. «Ես եւ Ռիտան բարձր ենք գնահատում ամպհովանի պահողի եւ ուղեկցողի Ձեր առանձնահատուկ եւ բազմակողմանի տաղանդը, որը շռայլորեն դրսեւորել եք պատարագից առաջ ձեր մատուցած ծառայությամբ, Ձեր լռության և խոսելու ունակությամբ՝ այն դեպքերում, երբ դրանք ինձ են պետք եղել: Ձեր ղեկավարած խամաճիկների շքախումբը մեր հասարակությանը «մարիոնետերի» վերափոխվելու կամ արտագաղթի ուղին բռնած քաղաքացի ձեւավորելու կարեւոր քաղաքական օջախ է: Մաղթում եմ Ձեզ քաջառաողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ամպհովանիության լրջագույն գործում: Սիրով ձեր տեր՝ Սերժ Ազատիչ»:

Մարիամ Մուրադյան

 

Նախորդ հոդվածը‘Նախարարը պատվոգրեր ու մեդալներ է բաժանում բանակում չծառայածներին’
Հաջորդ հոդվածը‘ Նաիրա Զոհրաբյան. Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու ուղիներ է փնտրում’