‘Սերժ Սարգսյանը՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների փչացման պատասխանատու’

3974

Վերջին օրերի Գյումրիի իրադարձությունների շուրջ հայ ժողովրդի ցասումը բազմաթիվ պատճառներ ունի, սակայն այդ պատճառներից ամենագլխավորը հենց Սերժ Սարգսյանն է, ինչը մի քանի փաստարկով կարելի է հանգիստ ապացուցել:

Իհարկե, այժմ իշխանությունները և մերձիշխանական «անկախ» լրատվամիջոցներն ու վերլուծագանգերը ամեն ինչ անում են, որպեսզի սլաքները Սերժ Սարգսյանից հեռացնեն ու այլ մեղավորներ գտնեն, սակայն այդ ամենն ապարդյուն է, ու ցանկացած հանգամանալից վերլուծության դեպքում հանգում ես այն կետին, որ Սերժ Սարգսյանի ողջամիտ պահվածքի դեպքում այս վիճակին չէինք հասնի:

Նախ՝ սկսենք այն բանից, որ եթե Սերժ Սարգսյանը ողբերգության առաջին իսկ օրը «Սգո օր» հայտարարեր, ապա այս ողբերգության բացահայտումը լրիվ այլ ընթացք կունենար: Հիմա Սերժ Սարգսյանի վրայից մեղքը հեռացնել ցանկացողները չեն խորշում նույնիսկ ասել, թե՝ բա Պուտինը ինչո՞ւ չի ցավակցել հայ ժողովրդին այս ողբերգության կապակցությամբ, ու որ՝ եթե Պուտինը կամենար, ապա մարդասպանին կհանձնեին հայկական կողմին:

Նախ՝ հիշեցման կարգով ասեմ, որ Պուտինը չէ, որ Հայաստանի Սահմանադրության վրա երդվել է  պաշտպանել ՀՀ շահերը, ու եթե Սերժ Սարգսյանը Հայաստանում «Սգո օր» հայտարարեր, ապա այդ դեպքում կարող էիք ուրիշ երկրների ղեկավարներից «պահանջ» ներկայացնել, թե ինչո՞ւ այս մեկը չցավակցեց, իսկ մյուսը ցավակցեց:  

«Սգո օրը» ինքնին նախատեսում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում «Ցավակցությունների մատյանների» բացում, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչները գալիս ու իրենց ցավակցություններն են հայտնում: Ըստ դրա էլ՝ տարբեր երկրների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են ուղարկում տվյալ երկրին, ու այդ դեպքում այն երկրները, որոնք չեն ցավակցում «Սգո օր» հայտարարած երկրին, նրանց այդ քայլը դիտվում է որպես ոչ մարդասիրական արարք: Ասածս այն է, որ նախ պետք է «Սգո օր» հայտարարվեր, հետո պահանջներ ներկայացվեին, ու այդտեղից էլ բխում է, որ եթե քո սեփական երկրի ղեկավարության համար այն «դժբախտություն» չէ, ապա ուրիշները ցավակցեն, որ ի՞նչ անեն:  Էլ չենք խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ «ջահելների» հետ քեֆ անելու ժամանակ գտավ, սակայն ժամանակ չգտավ այս օրերին այցելելու Գյումրի ու մասնակցելու զոհվածների հոգեհանգստին կամ հուղարկավորության արարողությանը:

Անցնենք երկրորդ խնդրին, որի մասին այս քանի օրը շատ խոսվեց: Եթե «Սգո օր» հայտարարվեր, ապա նույնիսկ ռուս իրավապահների կողմից հանցագործին հայտնաբերելու դեպքում ռուսական կողմը չէր կարող նրան չհանձնել հայկական կողմին, քանի որ ողջ միջազգային հանրության ուշադրությունը ուղղված կլիներ այդ միջադեպի վրա: Իսկ քանի որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորականն էլ քաղաքացիական հոգուստով էր, դա կարող էր դիտարկվել ոչ  թե որպես ռուսական բազայի անձնակազմի անդամի հետ կատարված փաստ, այլ անձը չճշտված մարդու հանձնում հայ իրավապահներին, որից հետո կարելի էր հայտարարել, որ անձը ճշտվել է, և այդ անձը ռուս սահմանապահ է: Ու քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել ռազմաբազայի տարածքից դուրս, տվյալ անձը պետք է դատապրտվի Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Իսկ ի՞նչ է ստացվել այսօր: Սերժ Սարգսյանն իր, չեմ կարող ճշգրիտ ասել՝ վախերի՞, թե՞ ապաշնորհության պատճառով, կամ էլ՝ երկուսի պատճառով միաժամանակ, ոչ միայն ողջ հայ հասարակությանն է դրել անելանելի վիճակի մեջ, այլ նաև Ռուսաստանին: Ու եթե նրանք այժմ մարդասպանին հանձնեն հայկական կողմին, կստացվի, որ Ռուսաստանի Սահմանադրության և օրենքների խախտում են կատարում, և այդ քայլը ռուս հասարակության մեջ կդիտվի որպես օրինախախտում` իր բոլոր հետևանքներով: Իսկ եթե չհանձնեն, ապա հայ հասարակության մեջ կասկած կսերմանվեն ռուսական կողմի նկատմամբ, ու տասնյակ տարիներ են պետք այդ կասկածը հասարակության «միջից» հանելու համար, այն էլ դեռ հարց է՝ դուրս կգա՞, թե՞ ոչ: Այսինքն, Սերժ Սարգսյանն իր նեղ անձնական շահերի սպասարկման համար կասկածի տակ է դրել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանին իբր ցույց տա, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, ու այդ տրամադրությունների խորացման դեպքում երկրում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ, ու իշխանության գան հակառուսական ուժերը:

Իբր այդ բանը կանխելու համար Սերժ Սարգսյանը Գյումրիում և Երևանում ցասման միտինգ ու մոմավառություն է ցրում, որ ռուսական կողմը համոզվի, որ հանուն Ռուսաստանին ծառայության՝ նա պատրաստ է ուրանալ նույնիսկ իր հայրենակիցների արյունը, և որ իբր դժվար թե Ռուսաստանը երկրորդ այդպիսին գտնի Հայաստանում:

Նա այդ թեզի առաջ տանելու համար նույնիսկ ռուսական մամուլում հակահայկական հոդվածներ է պատվիրում, որ իբր՝ այս գործընթացները ղեկավարվում են գրանտակերների  կամ Արևմուտքի կողմից: Ու ցավոք սրտի՝ Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր ուտում են Սերժ Սարգսյանի քարոզարշավի կողմից նետված այս էժանագին կուտը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական բարեկամությանը, ապա այն Պերմյակովից ոչ պակաս փչացնում է նույն ինքը Սերժ Սարգսյանը, ով ինչ-ինչ պատճառներից ելնելով` չի պաշտպանում Հայաստանի քաղաքացիների շահերը՝ դրանով իսկ ուղերձ հղելով օտար տերություններին, որ Հայաստանին պետք է վերաբերվել ոչ որպես գործընկերոջ, այլ որպես ստրկացված ու վասալային մի երկրի: 

Սերժ Սարգսյանի իշխանավարումը  բերեց  նրան, որ Հայաստանը թշնամացավ կամ հարաբերությունները փչացրեց ոչ միայն իր հարևանների , այլ նաև իր բարեկամը համարվող երկրների հետ, ու նրա իշխանության ամեն օր Հայաստանը նոր  թշնամիներ է «վաստակում»:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Գյումրեցի փոքրիկին վիրահատել են 2-րդ անգամ ‘
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ադրբեջանը մտադիր է խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում ‘