‘Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրեն է նշանակել խախտելով օրե՞նքը’

10912

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակել մինչ այդ իր օգնական աշխատած Գեորգի Կուտոյանը: Այսօր արդեն Սարգսյանը Կուտոյանին ներկայացրել է ԱԱԾ աշխատակիցներին: Պարզվում է, սակայն, որ Կուտոյանն ԱԱԾ տնօրեն է նշանակվել ապօրինի: Բանն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ նշվում է, թե ով կարող է նշանակվել ԱԱԾ ղեկավար: Օրենքի Հոդված 19-ը հստակ սահմանում է Ազգային անվտանգության մարմինների ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները, որն է. «Պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոններ` ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի (այսուհետ` պետական լիազոր մարմին) ղեկավար, բ) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ. գ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ: 2) ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններ` պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտ, գլխավոր վարչություն, վարչություն, բաժին և այլն) պետեր և նրանց տեղակալներ»:

Իսկ հիմա կարդանք Կուտոյանի կենսագրությունը, որտեղից էլ կիմանանք, որ մինչ այսօր վերջինս ոչ միայն որեւէ պաշտոն չի զբաղեցրել ԱԱ մարմինների ծառայողների բարձրագույն խմբում, ոչ միայն առնվազն 3 տարի չի զբաղեցրել գլխավոր խմբի պաշտոն, ոչ միայն չունի գնդապետից ոչ ցածր կոչում, այլեւ ընդհանրապես կապ չունի այդ համակարգի հետ:

Ահավասիկ. (ներկայացնում ենք պաշտոնական կենսագրությունն` առանց խմբագարման)

Գեորգի Կարենի Կուտոյան (կենսագրական տվյալներ)

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:

2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

Այսինքն, ըստ պաշտոնական կենսագրության, Կուտոյանը ԱԱԾ տնօրեն նշանակվելու իրավունք չունի: Այլ բան, որ նա ասենք` ԱԱԾ –ում բարձր պաշտոն է զբաղեցրել, գնդապետի կոչում ունի, բայց դա գաղտնի է պահվում: Այդ պարագայում, օրինակ կարող էին նշել գոնե, որ աշխատել է ԱԱԾ համակարգում` օրենքի հետ հակասություն չառաջացնելու համար: Այնպես որ, իր նշանակումը հիմնավորելու համար, Կուտոյանը նախ պետք է հրապարակի` արդյո՞ք ինքը կապ ունեցել է մինչ այս ԱԱԾ համակարգի հետ, թե՞ ոչ, արդյո՞ք այդ համակարգում առնվազն 3 տարի առնվազն գլխավոր որեւէ պաշտոն է զբաղեցրել: 

Հ.Գ. Ի դեպ, ուշագրավ է նաեւ, որ ԱԱԾ նոր տնօրենը նաեւ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել: Սրա հետեւությունն էլ թող ՀՀ քաղաքացիները անեն. արդյ՞ոք կարելի է Ազգային անվտանգության համակարգը վստահել բանակում չծառայած մարդու:

 

 

Նախորդ հոդվածը‘Գեորգի Կուտոյանը` ԱԱԾ տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը’