‘Սերժ Սարգսյանը ԵԺԿ նստաշրջանին քննադատել է Թուրքիային եւ Ադրբեջանին’

908

Սերժ Սարգսյանը մարտի 6-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել է Եվրոպայի ժղովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին: Հանդես գալով ելույթով, Սարգսյանը քննադատել է Թուրքիայի եւ Ադբրեջանի վարած այլատյաց քաղաքականությունը, եւ եվրոպացի գործըկկներների ուշադրությունն է հրավիրել դրա վրա:

«Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը», — ըստ President.am-ի, ասել է Սարգսյանը:

ՀՀԿ ղեկավարը նաեւ նշել է, որ պետք չէ լռել, երբ անարդարության ես հանդիպում:

 ««Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում», — ասել է նա:

Սարգսյանը նաեւ խոսել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարի մասին նշելով, որ Հայաստանը «հանձնառու է շարունակելու ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Նախորդ հոդվածը‘Արմավիրի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Չի բացառվում, որ Կիևը կդադարեցնի իր անդամությունը ԱՊՀ-ում’