‘Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ասել է, թե կազինոներում չի խաղում. տեսանյութ’

3328

Քիչ առաջ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարոuհի Փոստանջյանը հարց է ուղղել ելույթ ունեցող Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ Սարգսյանը այնտեղ հայտնվել է ոչ թե ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության՝ կեղծիքի արդյունքում: Այդ պատճառով էլ Փոստանջյանը նշել է, թե այլ հարց կտա: Վերջինս հետաքրքրվել է, թե արդյո՞ք Սարգսյանը վերջերս եղել է Եվրոպայում, խաղացե՞լ է կազինոյում, եւ խոշոր գումար է տանուլ տվել: Փոստանջյանը նաեւ հետաքրքրվել է, թե ո՞վ է վճարել այդ տանուլ տված գումարը:

Ի պատասխան` Սարգսյանը հայտարարել է, թե Փոստանջյանի պնդումները կազինոյում խաղալու մասին վերջինիս երեւակայության հերթական արդյունքն են: «Ես չեմ եղել կազինոյում, ես չեմ խաղում կազինոյում, ցավոք սրտի՝ 70 մլն-ի չեմ տիրապետում, եւ եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»,- հայտարարել է Սարգսյանը:

Ի դեպ, նշենք, որ Զարուհի Փոստանջյանը հայաստանյան պատվիրակության ոչ մշտական անդամ է, եւ որպեսզի վերջինս հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան: Մեր տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Նազարբաևի կուսակիցն առաջարկել է արմատախիլ անել համասեռականությունը’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Ովքեր իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկանում ծառայել բանակում, քրեական պատասխանատվությունից կազատվեն’