‘Սերժ Սարգսյանը երեկ էլ ինքնաասուլիս է ունեցել, բայց այն եթեր չի գնալու’

2127

Այսօր Hayeli.am-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ նախօրեին Բաղրամյան 26-ում  Սերժ Սարգսյանը  փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ այդմ՝  հանդիպմանը հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց՝ հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Քննարկվել է հարցերի բավական լայն շրջանակ` սկսած Սիրիայի շուրջ ծավալվող իրադարաձություններից, վերջացրած Մաքսային միությանն անդամագրվելու և դրա հետևանքով հասարակական տրանսպորտի սպասվող թանկացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գևորգ Ալթունյանը, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Գոլոս Արմենի» թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունից, Կարմեն Դավթյանը՝ «Իրավունք դե ֆակտո»-ից և մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել են նաև  Հրաչ Գալստյանն ու Թաթուլ Մանասերյանը, ովքեր, հավանաբար, հրավիրվել են որպես մասնագետներ: Նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը փակ է լինելու:

iLur.am-ի տեղեկություններով՝ լուրը համապատասխանում է իրականությանը, հանդիպումը կայացել է երեկ, սակայն չի ձայնագրվել, հետեւաբար՝ այն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի նախորդ ինքնաասուլիսի, այս անգամ եթեր չի հեռարձակվելու: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական կառավարական զորքերը նոր հարձակում են նախաձեռնել’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Թեւանյան. Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է դառնում իշխանափոխության իրականացումը’