‘Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի նախագահին’

901

Այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, տեղեկացնում է President.am-ը:

Այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը:

Նախագահ Մարգվելաշվիլին նշել է, որ այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:

Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:

Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը:

«Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում», — ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Վրաստանի ղեկավարի հետ քննարկվել են  հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերը, միջազգային հարթակներում փոխգործակցության, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հազար դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Գազի սակագների բարձրացումն էապես նվազեցրել է հայկական ապրանքների մրցունակությունը’