‘Սերժ Սարգսյանը «իշխանության այլընտրանքային կառույցների» դեմ խոստացել է ներգրավել իրավապահներին’

1586

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Սարգսյանի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Ըստ Aravot.am-ի, Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները: Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը: Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:

Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ Սարգսյանի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարծես նույնիսկ նորահայատ «խրոնիկ» «ընդդիմադիրներին» է պարզ, որ «ապրիլի 9-ը» անցնելու է գնա’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի առաջնության 29-րդ տուրը՝ մեկ տեսաշարով’