‘Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Մաքսային միությանն անդամակցության հարցը որոշվել է «մի գիշերում». Առավոտ’

2649

Ութ ամիս առաջ՝ հունվարին Չեխիա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը  ՀՀ դեսպանատանը պատասխանել է տեղի հայերի հարցերին այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը, գրում է «Առավոտ» օրաթերթը: Օրաթերթի՝ Պրահայում բնակվող թղթակից Շուշան Ղազարյանը ձայնագրել է հարցուպատասխանը: Ուշագրավ է, որ մամուլի կրպակներում այսօր կեսօրին մոտ արդեն «Առավոտ» չկար, իսկ Aravot.am կայքը այսօր առավոտվանից չի գործում: Առցանց «Առավոտ»ի խմբագիր Աննա Իսրայելյանը iLur.amին ասաց, որ կայքի աշխատանքի խափանման պատճառը տեխնիկական է

Ներկայացնում ենք մի հատված «Առավոտ»-ի հրապարակումից.

Բագրատ Առաքելյան — Չեմ թաքցնում, ես այսօրվա կազմակերպված ցույցի մասնակիցներից եմ: Դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն: Ինչու չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս: Հանրաքվե անկացնեիք:

-Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ: Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը մաքսային միության անդամ լինի, թե՝ ոչ: Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարադացել ե՞ս Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան:

Ես չեմ կարդացել, ես ուղղակի երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո տեղափոխվել Եվրոպա և կարող եմ համեմատել:

-Մեր ընտրությունը քաղաքակրթական ընտրություն չի: Դա ընտրություն է, որը բխում է մեր ժողովրդի տնտեսական շահերից: Մենք չենք կարող Ազատ առևտրի պայմանագիր կնքել և գազը թանկացնել երեք անգամ, հոսանքը: Եթե պարզվի, որ կոնյակը եվրոպական ստանդարտներին չի համապատասխանում, խաղող չպիտի աճեցնենք և այլն: Էս ե՞ք ուզում: Էստեղ ենթադրենք մի հինգ հոգով բողոքի ցույց արեցիք, դրանով ինչ եք ուզում ասել, որ դուք այստեղ որոշեք, թե մենք այնտեղ ոնց ապրե՞նք:

Մենք մեր կարծիքն ենք արտահայտել:

-Դուք ձեր կարծիքը ձեր տանը ասեք: Ես դեռ չգիտեմ դեպք, որ նախագահը գնա բանակցությունների՝ իր բոլոր փաստարկները հրապարակած: Մենք դեռ Մաքսային միության անդամ չենք, դեռ 150 օրենքներ պիտի հաստատի  խորհրդարանը, իսկ Ազգային ժողովը մեր ժողովրդի ձայնն է:

Մանրամասները կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:

 

Նախորդ հոդվածը‘Դիմակավորված հատուկջոկատայիններ՝ Կառավարության դիմաց (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ճապոնիան ետ է կանչել Պուտինի հրավերը’