‘Սերժ Սարգսյանը կաթվածահար է արել Գյումրին’

1481

Asparez.am-ը գրում է, որ այսօր Գյումրիում արտասովոր եռուզեռ էր՝ պայմանավորված ոչ միայն մշակութային մի շարք միջոցառումներով՝ «Գյումրու արհեստների եւ արվեստների փառատոն, Արտէքսպո ցուցահանդես, այլեւ արդեն ավանդական դարձած ու սովորական բնույթ կրող փողոցները փակելու արարողակարգով:

Կայքի ուշագրավ նյութը ստորեւ.

«Սերժ Սարգսյանի այցը, ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ ասես հատուկ նպատակաուղղված լիներ քաղաքի երթեւեկությունը կաթվածահար անելուն, կենտրոնական փողոցները ժամերով փակելուն, ոստիականական ու ամենատարբեր «պաշտպանական զորքերի ու թիկնազորերի» առկայությամբ քաղաքում արհեստականորեն իրարանցում ստեղծելուն, հրապարակում միջոցառումներին մասնակցող ժողովրդի ազատ տեղաշարժվելու իրավունքը ամեն պահի խախտելուն: Այսպիսով, իրարանցումը՝ մայրաքաղաքային բարձրագույն պատվիարկությամբ  թելադրված, կարելի է ստացված համարել:

Վաղ առավոտից ոստիկանական ամենատարբեր զորքերի ճոխ առատությունը նկատելի էր ոչ միայն կենտրոնական փողոցներում ու հրապարակում, այլեւ  թաղային նշանակության, ըստ երեւույթին, հատուկ ընտրված փողոցներում ու անգամ նրբանցքներում: Իսկ արդեն Սերժ Սարգսյանի թիկնազորի ու մյուս պաշտոնյաների «ախրանաների» դրսեւորած բացահայտ կոպիտ վերաբերմունքն ու ժողովրդին ուղղված հրամանները,  կառավարական երթի ճամփին հայտնված քաղաքացիներին համարյա գոռգոռոցով փողոցից հանելու պրոցեսը՝ ճանապարհը «մաքրելու» նպատակով,  իրական ապահովության մթնոլորտում ապրելու գիտակցում էր արթնացնում:

Ամենայն հայոց թիկնազորի  ջերմեռանդ աշխատանքը նաեւ լրագրողների աչքից աննկատ չմնաց: Չէր էլ կարող մնալ, քանի որ ամեն քայլափոխի թիկնազորայիններն ու ոստիկանները փորձում էին ուղղորդել, միջամտել, մերթընդմերթ «խրատել» այդ պահին իրենց աշխատանքը կատարող լրագրողներին՝ մոտավորապես «առաջ մի գնացեք», «այստեղ կանգնեք», «այն կողմ գնացեք», «տեղից մի շարժվեք», «ձեռքը մի բարձրացրեք» ու նմանատիպ այլ հորդորներով:

Ու համընդհանուր այս գաղջ մթնոլորտում պատվիրված ծափեր, «Բարեւ Ձեզ հարգարժան նախագահ» ձեւաչափով ողջույններ եւ ի պատասխան՝ փոխանցված արհամարական հայացքներ…

Հ.Գ. Գաղջության լուսավոր կետն այն էր, որ «Արագած» ճեմափողոցը վերջապես մի քանի ժամով ճեմելուն ծառայեց, միայն թե ոստիկանները չէին մոռանում անցորդներին պարբերաբար հորդորել ճեմել մայթերով…»:

Մ.Պետրոսյան

www.asparez.am

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ների ակցիա. Առաջին էջում Տիգրան Առաքելյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Քաղաքական հայացքների համար ոչ ոք չպետք է հալածվի’