‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ’

1306

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» պետական գործակալությունը՝ վկայակոչելով Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրոնիսլավ Կոմորովսկին ընդգծել է տարեվերջին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործում Հայաստանի առաջընթացի անհրաժեշտությունը: Գոհունակություն հայտնելով Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան կատարած այցի կապակցությամբ, Կոմորովսկին նշել է. «Համոզված եմ, որ նման այցն արդարացված է, քանի որ դա, բացի պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական կապերի զարգացումից, ունի նաև այլ նպատակներ՝ այն է՝ հետամուտ լինել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Կոմորվսկին:

Նա նշել է, որ բանակցություններից հետո իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը կարող է Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Իսկ Ասոցացման համաձայնագրի վավերացումը լրացուցիչ իրավական դաշտ կստեղծի հայ-լեհական հարաբերությունների զարգացման համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լեհաստանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Արևելյան գործընկերության ծրագրին: «Մենք շահագրգռված ենք ընդլայնել ընդհանուր եվրոպական տարածաշրջանը, տարածել եվրոպական արժեհամակարգն ու խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը»,- ասել է Կոմորովսկին:

Այնուհետև ստորագրվել են տրանսպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 26-ին:

Նախորդ հոդվածը‘Ավագանու անդամը՝ «Հաղթանակ» զբոսայգում տիրող վիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանի տարածքում’