‘Սերժ Սարգսյանը հանդիպել է հարկայինի ու մաքսայինի աշխատակիցների հետ’

880

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:

Ըստ President.am-ի, Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ անցած տարվա ընթացքում կոմիտեի աշխատանքներում առաջընթաց է գրանցվել:  

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց:

«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին», — ասել է նա:

Սարգսյանը նշել է նաեւ մաքսային ծառայության ստորին օղակի աշխատողների մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտության մասին:

«Պետք է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում», — ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբոր փոխարեն Վիետնամում նոր դեսպան է նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԿԸՀ-ն նոր նախագահ ունի ‘