‘Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարների հետ’

766

Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում է President.am-ը:

Մարիանո Ռախոյի հետ հանդիպմանը Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին՝ ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Նախորդ հոդվածը‘Ֆինանսական բուրգի գործով դատը հետաձգվեց’
Հաջորդ հոդվածը‘ Տիգրան Սարգսյանը կենսաթոշակային «բարեփոխումները» համեմատել է ԱՊՊԱ-ի հետ ‘