‘Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ’

1634

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: President.am-ի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաեւ խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանն ու Պուտինը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում: 

Ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ չի հստակեցվում՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը Պուտինին հրավիրել է Երեւանում մասնակցելու 100-ամյակի միջոցառումներին եւ, ընդհանրապես, ո՞վ է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնությունը ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Աստանայում նախատեսվում է ԵՏՄ երեք երկրների առաջնորդների՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաեւի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի օրակարգով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը հետաձգվել է մի քանի օրով: Սակայն ոչ չկայացած, ոչ էլ հետաձգված հանդիպմանը Սերժ Սարգսյանը չի հրավիրվել:

Նախորդ հոդվածը‘«Ֆինանսական բուրգի» գործով նիստը հետաձգվեց՝ դատախազի բացակայության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ 2 հոգի ձերբակալվել է’