‘Սերժ Սարգսյանը ՀՀԿ պատգամավորներին հորդորում է «կրակել անհրաժեշտ պահին»’

1086

ՀՀԿ խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել, որով անդրադարձել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, նա ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորներին ակտիվության կոչ է արել՝ խորհրդարանական աշխատանքը համեմատելով խրամատում կանգնած զինվորի պարտականության հետ:

«Ինձ դուր է գալիս այն ակտիվությունը, որով դուք աշխատում եք Լեռնային Ղարաբաղի և նրա ղեկավարության հետ: Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում բոլոր պատգամավորների և բնական է, առաջին հերթին մեր պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ մեր սահմաններում լարվածություն կար և երբ ձեզնից շատ-շատերը գնացին առաջին գիծ, գնացին սատարելու մեր զինվորներին, և մենք բոլորս միասին ունեցանք հաջողված, եթե կարելի է այսպես ասել՝ այդ փուլի ավարտ: Բայց այս ամենը, իհարկե, ես դիտարկում եմ որպես ամառային ռեժիմի մաս, ամառային ռեժիմի համատեքստում եմ դիտարկում սա, և հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը:   Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան», — ասել է Սարգսյանը:  

Նա նաեւ անդրադարձել է կառավարության աշխատանքին՝ այն որակելով որպես «ակտիվ եւ բաց» աշխատանք: Սերժ Սարգսյաննն իր կուսակիցներին հորդորել է աջակցել կառավարության աշխատանքին եւս:

«Դիմակայել Ադրբեջանի քարոզչությանը»

ՀՀԿ պարագլուխը իր կուսակիցներին հորդորել է նաեւ ակտիվություն ցուցաբերել արտաքին քաղաքական ասպարեզում, հատկապես՝ Ադրբեջանի քարոզչությանը դիմակայելու հարցում:

«Գիտեք՝ մենք գործ ունեք մի երկրի հետ և երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաև սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում: Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում ու հետո ասում, որ իրենց հասարակությունը զարգանում է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և՛ հատուկ ծառայությունները, և՛ ղեկավարությունը վստահ են, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ: Ակնհայտ է չէ՞ բոլորիս: Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն՝ օգտագործելով հակամարտությունը, փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը: Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են, թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու կեղծիքը երկար կյանք չունենան:   Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որևէ կյանք չունենան: …Մենք պետք է կարողանանք մեր իրականությունը հասցնել շատ-շատերին: Առավել ևս, երբ Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է և այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տևական, շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում, և այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում: Երկրորդ՝ նկատի ունեմ ԵԽԽՎ-ի հարթակը: Հիշում եք, որ վերջին, այսպես, ոչ բարենպաստ ձևակերպումը, վերջին ոչ բարենպաստ բանաձևը 2005թ-ին է եղել:   Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում, իսկ այստեղ ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց և հաջողություն ունենք:

Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի համար «կենսական անհրաժեշտություն» են

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաեւ իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հարցը: Նա հիշեցրել է, որ սահմանադրական հանձնաժողովը մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա աշխատանքը: Սարգսյանը պնդել է, որ սահմանադրական փոփոխությունները «կենսական անհրաժեշտություն են» երկրի զարգացման համար:

«Մենք՝ որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար: Հայեցակարգի ներկայացումից հետո պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ ինչպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ: Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, քանի որ արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել:   Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը: Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ: Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ, և այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք: Շատ ցանկալի է, որպեսզի մեր խորհրդի իրավաբանական դասն, անպայման, ակտիվ մասնակցություն ունենա մեր կուսակցական շարքերում այս փաստաթուղթը քննարկելու ժամանակ», — ասել է ՀՀԿ ղեկավարը:

  

Նախորդ հոդվածը‘Այսօր Մաեստրո Դուրյանի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Հրազենային վնասվածքից ժամկետային զինծառայող է մահացել’