‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին’

804

Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Մաքսային միություն մտնելու՝ սեպտեմբերի 3-ի անակնկալ հայտարարությունից հետո թե ինչ շեշտադրումներ կունենա Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, պարզ կլինի հոկտեմբերի 2-ին, սակայն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամների համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն հարցին, թե ինչու Հայաստանը չորս տարի Եվրամիության Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտելուց հետո, անակնկալ կերպով որոշեց մտնել Մաքսային միություն, նշում է ռադիոկայանը, հավելելով, որ այս հարցը կհետաքրքրի ոչ միայն Հայաստանի օրենսդիրներին, այլև եվրոպացի պատգամավորներին, ովքեր Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարցեր տալու հնարավորություն են ունենալու:

Արդեն Սարգսյանին հարց ուղղելու հմար հերթագրվել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Սերժ Սարսգյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերելու են սեպտեմբերի 3-ի հայտարարությանը: Նա, սակայն, անձամբ Սարգսյանին հարց չի ուղի, քանի որ կարծում է, թե կոռեկտ չէ ներքին խնդիրները բարձրաձայնել միջազգային հարթակներում։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է մանկապարտեզի եւ մշակույթի տան բացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալների ճակատագրերն ավելին են, քան քաղաքական դիվիդենտներն ու խաղերը’