‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Արամ Ա-ն մինչեւ ընտրություններ չի՞ խոսի կոռուպցիայի մասին’

1113

Լիբանանում գտնվող Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սարգսյանը բարձր է գնահատել «մեր ազգային իղձերին լիբանանահայ համայնքի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նվիրվածությունը, որն արտահայտվում է կոնկրետ գործերով»: «Մենք մշտապես պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու ձեզ և, իհարկե, հաճույքով աշխատելու ձեր աղոթքների ներքո: 

Թող Աստված պահի, պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայոց աշխարհը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր նվիրյալ գահակալով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանի այս ջերմեռանդությունը առ Արամ Ա-ն, հասկանալի է: Նախագահական ընտրություններին շատ քիչ է մնացել, իսկ Արամ Ա-ն, Գարեգին Բ-ն չէ: Ի տարբերություն վերջինիս, Արամ Կաթողիկոսը երբեք չի խուսափել խոսել Հայաստանյան խնդիրներից: Հիշեցնենք, որ վերջին անգամ Արամ Կաթողիկոսը իր քննադատությունը ներկայացրել էր 2011 թվականի սեպտեմբերին` Սփյուռքի կազմակերպությունների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին բավականին սուր ողջույնի խոսք հղելով:  

«Մեր ազգի մեծագույն տագնապն այն փաստացի իրողությունն է, որ Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Մեր թշնամին ուզեց Հայաստանն առանց հայերի տեսնել: Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք: Փտածության, կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը և դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների ու ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում: Եկեղեցին չի կարող անտարբեր լինել այս վատառողջ երևույթների նկատմամբ»,- ասել էր Արամ Ա Կաթողիկոսը: Եւ հիմա, Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ փորձում է նման ժեստ անել Արամ Ա Կաթողիկոսին, քանի որ հասկանում է, որ վերջինիս խոսքն, ի տարբերություն Գարեգին Բ-ի, բավականին ծանրակշիռ է, եւ կարող է լուրջ ազդեցություն ունենալ Սփյուռքահայ տարբեր շրջանակների վրա:

Թերեւս, Սարգսյանը այսպիսով հույս ունի, որ Արամ Ա Կաթողիկոսը գոնե մինչեւ նախագահական ընտրությունները չի խոսի կոռուպցիայի մասին:

Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է, լուսանկարում, որը տարածվել է Սարգսյանի մամլո ծառայության կողմից, Սերժ Սարգսյանը այսքան խոժոռ հայացքով նայում Արամ Ա Կաթողիկոսին:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘«Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում են բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք’
Հաջորդ հոդվածը‘Հիմնադրամը դեռ չի մեկնաբանում սիրիահայերին հանգանակության մեծ մասը տրամադրելու առաջարկը’