‘Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովին ‘

994

Սերժ Սարգսյանը իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որը, ըստ president.am-ի, ներկայացնում ենք ստորեւ.

 

 

Վեհափա՛ռ Տեր, 
Գերաշնո՛րհ և հոգևո՛ր հայրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայկական բարեգործական ընդհանուր միության հարգարժա՛ն ղեկավարներ, նվիրատուներ, հյուրեր,

Ժամեր անց համայն հայության հոգևոր կենտրոնում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արձանագրվելու է ևս մեկ պատմական իրողություն` տեղի է ունենալու Հայկական բարեգործական ընդհանուր միության հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը, որը վստահ եմ սկիզբ է դնելու նոր գաղափարների մշակման ու իրագործման:

Ողջունում եմ բոլորիդ և ջերմորեն շնորհավորում եմ այս առիթով:

Բարձր եմ գնահատում Հայրենիքի հանդեպ կառույցի անդամների նվիրումն ու աջակցությունը, ինչպես նաև Հայրենիքում և Սփյուռքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությունը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայապահպանությանն ուղղված ավելի քան մեկդարյա գործունեության աշխարհագրության ընդլայնումը` կրթական, մշակութային, սոցիալական, եկեղեցաշինական, մարդասիրական և այլ ոլորտներում, ունի նաև բարոյական նշանակություն` ապագա սերունդների համար հոգևոր ժառանգության պահպանման, հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացում սերմանելու իմաստով:

Համայն հայության գերագույն նպատակը պիտի լինի Հայրենիքի զորացումը: Այս գիտակցությունը պիտի ժառանգենք նաև մեր սերունդներին, ինչպես ժամանակին արել են Պողոս Նուբարը, Ալեքսանդր Մանթաշյանը, Գալուստ Գյուլբենկյանը, Միքայել Արամյանցը, Լազարյան եղբայրները, Ալեք Մանուկյանը, Մելքոնյան եղբայրները և շատ-շատ ուրիշներ: Մեր օրերում, ձեր ակտիվ գործունեությամբ, դուք կերտում եք ՀԲԸՄ նորագույն պատմությունը` դառնալով հայոց պատմության մի արժանի մասը: Կգան ժամանակներ, և ապագա սերունդները կհավերժացնեն նաև այստեղ ներկա շատերի անունները և կոգեշնչվեն ձեր գործերով ու ապրած կյանքով:

Ձեր ամենօրյա բեղուն և քրտնաջան աշխատանքով են կյանքի կոչվում Միության` Մայր Հայրենիքի հզորացմանը, Սփյուռքի ներուժի պահպանմանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբմանը, հայապահպանության խնդիրների լուծմանը միտված ծրագրերը:

Կարևոր է և խիստ արդիական Հայաստանում Միության ուսուցողական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը, որը հավակնում է դառնալ հայ մասնագետների, մտավորականների երիտասարդական հաստատություն: Մեր երկրի ապագան կրթված ու հայրենասեր երիտասարդներին է։ Ժամանակին Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում 200-ից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ են սովորել, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

Մոտ կես դար առաջ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում հիմնվել են մի քանի տասնյակ հայկական դպրոցներ, հայագիտական, մշակութային և երիտասարդական կենտրոններ, եկեղեցիներ, թանգարաններ, որոնք լուրջ առաքելություն են կատարել:

Հայ երիտասարդության կրթության խնդիրը միշտ էլ եղել է հայ բարերարների ուշադրության կենտրոնում: Հզոր, զարգացած և անկախ պետության հիմքում ընկած է գրագետ հասարակության և կրթված սերունդ ունենալու գաղափարը:

Ուրախացնող է, որ այսօր Միության անդամները շարունակում են ազգային բարերարների ժառանգած ավանդույթները: Մրցունակ երիտասարդների առկայությունը մրցունակ Հայաստանի գրավականն է:

Հարգարժա՛ն ներկաներ,

ՀԲԸՄ-ի գործունեության կարևոր առանցքներից է համագործակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Բարերարների աջակցությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերով բազմաթիվ եկեղեցիներ են վերականգնվել, հոգևոր դպրոցներ ստեղծվել և հայորդյաց տներ կազմավորվել:

Կառույցին միշտ էլ բնորոշ է եղել ճշգրտությամբ զգալ ժամանակի շունչն ու զարկերակը, ազգային խնդիրներն ու համազգային առաջնահերթությունները, նպատակների հստակեցումն ու վերաձևակերպումը: Այստեղից են ծնունդ առնում բազում մտահղացումներն ու ճիշտ ժամանակին մեկնարկած ձեռնարկումները: Այսօր էլ ՀԲԸՄ-ն, ոգեշնչվելով և առաջնորդվելով իր հիմնադիրների գաղափարներով, շարունակում է իր ազգանվեր գործունեությունը և նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրում:

Բարեգործական ընդհանուր միությունն այնտեղ է, որտեղ կարիքավոր հայ կա, սրա հաստատումն է այսօր սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին և քույրերին սատարելու նպատակով սփյուռքի նախարարության հետ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ստեղծումը: ՀԲԸՄ-ն առաջին կառույցներից էր, որն արագ արձագանքեց Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակին և ֆինանսական աջակություն ցուցաբերեց մեր հայրենակիցներին:

Կարծում եմ, սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ հայտարարել հետևյալը՝ մենք չենք խրախուսում արտագաղթ Սիրիայից: Բայց մենք տերն ենք յուրաքանչյուր հայի, ով կգա Հայաստանի Հանրապետություն: Մենք յուրաքանչյուր հայի մեր ունեցածից մասն կհանենք, և կարծում եմ, որ միակ ելքն է սա: Իսկ եթե Միությունը այդ գործընթացի մաս է կազմում, մենք անպայման կարողանալու ենք հաջողությամբ լուծել այդ խնդիրը:

Անկախացումից ի վեր Միությունը ամուր կանգնեց դարերով երազած մեր երիտասարդ պետության կողքին, երկրաշարժի, պատերազմի, հարյուր հազարավոր փախստականների մարտահրավերին դիմակայող Հայաստանի կողքին կանգնեց:

Հետևաբար բնական է, որ օր օրի ուժ առնող հայկական պետությունն էլ այսօր ձեր կողքին է, մշտապես պատրաստակամ աջակցելու, սատարելու Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` իր հայրենանվեր և հայապահպան առաքելության իրականացման ճանապարհին: Հայրենիքն ու Սփյուռքը փոխշաղկապված են ինչպես մի կենդանի օրգանիզմ, և առանց մեկը մյուսին սատարելու չեն կարող առաջընթաց ունենալ, դիմակայել մարտահրավերներին: Ուրիշ ո՞վ կարող է և պետք է հոգ տանի աշխարհասփյուռ հայության մասին, եթե ոչ վերածնված Հայաստանի Հանրապետությունը, և ո՞վ պետք է սատարի հային ու Հայրենիքին, եթե ոչ կազմակերպված, համախմբված հայկական Սփյուռքը: Հայրենիքի և՛ հաջողությունները, և՛ բացթողումները, և՛ պարտությունները, և՛ հաղթանակները բոլորինս են: Մենք հպարտ ենք միմյանցով, ուժեղ ենք միասին և միասին էլ կառուցելու ենք համայն հայության երազած Հայրենիքը:

Վստահ եմ, որ բարեգործականներդ կշարունակեք ձեր գործունեությունը նույն ոգով, ինչ տեսել ենք մինչև այժմ և միասին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կարձանագրեք։ ՀԲԸՄ-ն կշարունակի ներգրավել և ձևավորել նոր վառ անհատականություններ, որոնց շնորհիվ շատ ու շատ երկրներում կդառնա հայ ժողովրդի կարիքավոր զավակների բարերարն ու սրտակիցը, օգնականն ու խորհրդատուն:

Ուժ ու եռանդ եմ մաղթում Ձեզ, որ նույն կորովով շարունակեք Ձեր նպաստը բերել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, Հայրենիքի հզորացման պատվաբեր գործին:

Ուժեղ և միասնական է Սփյուռքը, ուրեմն առավել հզոր և ամուր է Հայրենիքը: Կայացած ու զարգացած է Հայրենիքը՝ հարատև է Սփյուռքը: Հայկական Սփյուռքն ունի Հայրենիքի հոգածության ու խնամքի կարիքը, և իհարկե, Հայրենիքը` Սփյուռքի կարիքը:

Մաղթում եմ ձեզ հաջող և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն:

 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» հերթական հաղթանակը տարավ’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացիները օդից ու ջրից վառելիք են արտադրում ‘