‘Սերժ Սարգսյանը մնաց ամենահարուստ թեկնածուն. Հրապարակվել են նախագահի բոլոր թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը’

1245

iLur.am-ն արդեն իսկ ներկայացրել է նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Սեդրակյանի ու Հրանտ Բագրատյանի գույքի և եկամուտների հայտարարագրերի տվյալները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մյուս 4 թեկնածուների հայտարարագրերը:

Պարույր Հայրիկյան

Հայրիկյանը հայտարարագրել է անշարժ գույք Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում: «Շարժական գույք» բաժնում նշված է 2003 թվականի թողարկման «Ջիփ Լարեդո» ավտոմեքենան: Հայրիկյանը փոխառություններ է ստացել «Սիթի Բանկից» (21.000 դոլար), Կենսաթոշակային հիմնադրամից (360.000 դրամ), «Բանկ օֆ Ամերիկայից» (23.000 դոլար), «Բարկլեյս Բանկ Դելվերից» (6000 դոլար): Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հայրիկյանը ունեցել է 20 198.32 դոլար և 120.000 դրամ: Բացի այդ, նա 0,0001 %-ի բաժնեմաս ունի MGM ընկերությունում:

Արման Մելիքյան

Արման Մելիքյանը միայն լրացրել է հայտարարագրի «Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» հատվածը՝ 440.000 դրամ:

Արամ Հարությունյան

Հարությունյանն անշարժ գույք է հայտարարագրել Երևանի Լվովյան և Ծարավ Աղբյուրի փողոցներում: Որպես շարժական գույք՝ նշված է Գազ 3110101 մակնիշի ավտոմեքենան: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 500 դոլար և 1.600.000 դրամ:

Անդրիաս Ղուկասյան

Անդրիաս Ղուկասյանը երեք անշարժ գույք է գրանցել Կոտայքի մարզում և մեկը՝ Երևանում: Ստացված եկամուտները «Ռադիո Հայից»՝ 9.000.000 դրամ և «Ա-3 Ճարտարապետներ» ընկերությունից՝ 4.000.000 դրամ: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են 2.500.000 դրամ: Ղուկասյանը փայաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում (45%):

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘
Հաջորդ հոդվածը‘Էդեն Ազարի խուլիգանական արարքը. Տեսանյութ’