‘Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել Հայաստանին’

2178

Գրեթե ամեն օր հայտնվող «սենսացիոն» նորությունները ամենաչտեղեկացվածին ու չքաղաքականացվածին էլ անգամ հուշում են, որ նախագահական «քարոզարշավը» ժամկետներից շուտ մեկնարկել է: Եվ իհարկե` այս մեկնարկի հեղինակը իշխանություններն են: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող թիմը իր տարերքի մեջ է: Արդեն իսկ  գործի են դրվել սովորական դարձած գործիքները` կոմպրոմատներ, սպառնալիքներ և այլն: Բայց բոլոր օգտագործված գործիքներն ու բազմակի կրակված զենքերն, ինչպես հայտնի է` հատկություն ունեն մաշվելու և իրենց արդյունավետությունը կորցնելու: Այդպես էլ հիմա՝ ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում իր ընդդիմադիր հակառակորդներին զսպելու ու վախեցնելու համար, բայց գործիքներն այնքան անարդյունավետ են դարձել, որ հարկ է առաջացել դրանք օգտագործել գրեթե ամեն օր: Դրանք այլևս չունեն նախկին օգտակարությունը, էֆեկտը տևում է ընդհամենը մի քանի ժամ՝  կարիք առաջացնելով նոր զինատեսակի օգտագործման:

Վերջին օրերին մենք ականատես ենք լինում հենց այսպիսի կոմպրոմատային պատերազմի, եթե, իհարկե, սա կարելի է պատերազմ անվանել: Իսկ ավելի ճիշտ՝ սա միակողմանի իշխանական հարձակում է, երբ Սերժ Սարգսյանի քարոզարշավով զբաղվողները ձեռնամուխ են եղել հանրապետական թեկնածուի մրցակիցներին սպառնալու ու վարկաբեկելու գործին: Այս գործելաոճի վերջին օրերի ամենաթարմ օրինակներն էին՝ հայտնի գաղտնալսման հրապարակումը, Մատաղիսի գործի վերականդանացումը, ինչպես նաև ոստիկանական ուժերի զորավարժությունները: Սրանք բոլորը մեկանգամյա ու կարճաժամկետ օգտագործման հնարքներ էին, որ խնդիր ունեին լրատվական, քաղաքական դաշտը լցնելու ոչ թե իրենց որակով, այլ քանակով:

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի հանրայնացումից մեկ օր անց, երբ «գաղտնալսում», «կոմպրոմատ» բառերից առաջացած էյֆորիան մարեց, մարդկանց տրամաբանող հատվածը հասկացավ, որ ոչ մի նոր տեղեկություն այդ ձայնագրությունը չտվեց, և որ իրականում երկու պատգամավորների հայտնած մտքերն արդեն բոլորին ու շատ վաղուց հայտնի էին: Միամտություն կլինի ենթադրել, որ վերոնշյալ օպերացիան իրականացնողները սպասում էին, թե հասարակությունը պետք է ցնցվեր սենսացիոն բացահայտումներից: Հակառակը՝ կարելի է համոզված ասել, որ հատուկ ծառայությունները շատ լավ տեղյակ էին ձայնագրության փուչիկ լինելու մասին: Սակայն այս ձայնագրությունով նրանք նպատակ ունեին լուծել մի քանի այլ խնդրներ: Չմոռանանք, որ հրապարակումը տեղի ունեցավ անմիջապես Սերժ Սարգսյանի ելույթից հետո և գրավեց ամբողջ վերլուծական դաշտի ուշադրությունը: Մարդիկ, որոնք պետք է բացահայտեին Սերժ Սարգսյանի ելույթի էությունը ու դրա՝ իրականության հետ որևէ կապ չունենալը, տարվեցին սենսացիոն նորության քննարկումներով: Երկրորդ հերթին՝ իշխանությունները սրանով ցույց տվեցին, որ անհրաժեշտության դեպքում չեն հապաղելու հրապարակել իրենց ձեռքի տակ եղած կոմպրոմատները: Սա յուրատեսակ նախազգուշացում էր Սերժ Սարգսյանի պոտենցիալ հակառակորդներին, որոնց վերաբերյալ հատուկ ծառայությունների ձեռքի տակ եղած կոմպրոմատները շատ ավելի բովանդակային են, քան օրերս հրապարակվածը: Ուստի կարելի է արձանագրել, որ կազմակերպված սադրանքով վարչախումբը լուծեց առնվազն երկու խնդիր՝ սպառնաց Սերժ Սարգսյանի դեմ աշխատել պատրաստվող որոշ շրջանակների և կարճ ժամանակով շեղեց հասարակական ուշադրությունը:

Մատաղիսի գործի վերակենդանացումը նույնպես ոչ այլ ինչ էր, քան քննարկվող առաջնային հարցերը շեղելու, ինչպես նաև Սերժ Սարգսյանի համար միակ վտանգ հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի՝ Հայ ազգային կոնգրեսի անդմաներից մեկին վարկաբեկելու փորձ: Սակայն, չնայած բարձրացված մեծ աղմուկին, Ջհանգիրյանի դեմ սկսված արշավը նույնպես շատ արագ մոռացվեց՝  իր ետևից թողնելով երկու «գրաված» օր:

«Վարկաբեկիչ» ձայնագրությունների ու դատավարությունների կողքին ամբողջովին այլ կերպ է հարկավոր դիտարկել ոստիկանությունում անցկացվող խորհրդակցություններն ու զորավարժությունները ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ: Այստեղ չկար ոչ՛ վարկաբեկման, ոչ՛ հիմնական քննարկվող թեմաներից ուշադրության շեղման փորձ, սա ուղղակի բացահայտ սպառնալիք էր ողջ հասարակությանը՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական դաշտում գործողներին և թե՛ հասարակ քաղաքացիներին: Համոզված կարելի է ասել, որ այսպիսի զորավարժությունները իրականացվում են շատ հաճախակի, սակայն աննախադեպ էր սրա վերաբերյալ տեսանյութերի տարածումը համացանցում և ներկայացումը հեռուստատեսությամբ: Մենք գիտենք, թե ինչ նպատակով և ում համար են իրականացվում բանակային զորավարժությունները: Բոլորին է հայտնի, որ այս կերպ պետությունները խոսում են արտաքին թշնամիների հետ, ցուցադրում նրանց իրենց ռազմական ուժը և պատրաստակամությունը որևէ ոտնձգության դեպքում արժանի հակահարված տալու: Եվ այս պարագայում, իհարկե, հարց է առաջանում, թե ո՞ւմ էին ուղղված ոստիկանական զորքերի զորավարժությունները, և բացի իր արդար բողոքը արտահատող ՀՀ քաղաքացիներից՝ էլ ո՞վ կարող է դիտարկվել որպես թշնամի՝ ամեն գնով վերարտադրման նախապատրաստվող իշխանությունների կողմից:

Այս ամենը մեզ ցույց է տալիս մեկ բան, որ վարչախմբի գործելաոճը չի փոխվել: Նույն մեթոդները, որ օգտագործվել են 2008-ին, օգտագործվում են և այժմ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին՝ այդպիսով ամբողջովին կանխատեսելի դարձնելով թե՛ նախընտրական պայքարը, թե՛ բուն քվեարկության օրը և թե՛ իշխանությունների գործելաոճը ետընտրական հնարավոր զարգացումների դեպքում: Իսկ ելքը, ինչպես 2008-ին, այդպես էլ` 2013-ին, մնում է նույնը. Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն և այսպիսի հակաժողովրդական գործունեություն ծավալող իշխանություններից օր առաջ ազատում: 

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երևան-Սևան-Դիլիջան մայրուղով’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյանը իր ափսոսանքն է հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար’