‘Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի ‘

1523

Եթե Սերժ Սարգսյանը Հայաստանի պետականության հանդեպ գոնե մի քիչ ամոթի ու պատասխանատվության զգացում ունենար, ապա վաղուց պետք է հրաժարական ներկայացներ: Նրա հրաժարականի հարցը վաղուց պետք է որ բարձրացրած լիներ խորհրդարանական մեծամասնությունը, եթե նույն  այդ զգացումը ունենային նաեւ նրանք:

Որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ տրված լիազորություները Սերժ Սարգսյանը չի կատարում:

 

Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Խախտել է: Սերժ Սարգսյանը չի հետեւում Սահմանադրության պահպանմանը: Որովհետեւ Հայաստանում խտրականությամբ են կիրառվում ՀՀ Սահմանադրության հետեւյալ հոդվածները.

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: 
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: 
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:

Հոդված 31.1. Պետությունը պաշտպանում է սպառողների շահերը, իրականացնում օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի վերահսկողության ուղղությամբ:

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են: 

 

Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Խախտել է: Սերժ Սարգսյանը չի  ընտրվել ՀՀ քաղաքացիների կողմից:

Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ: Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:

Խախտել է: Սարգսյանը չի ընտրվել օրենքով սահմանված կարգով: Նրան իրականում կողմ չեն քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների կեսից ավելին: Սարգսյանը նախագահ է դարձել ընտրակեղծիքներով, ահաբեկումներով, ճնշումներով, ապա նաեւ սպանությունների եւ քաղբանտարկյալների գնով:

Հոդված 55. 7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

Խախտել է: Իրականում Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանն է ներկայացնում միջազգային հարաբերություններում, այլ՝ իրեն: Իր կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեն ստացել ՀՀ քաղաքացիների մեծամասնության, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայության հավանությունն ու աջակցությունը: Նա այդ արձանագրությունները ստորագրել է ի հեճուկս բոլորի:

Ի դեպ, ըստ Սահմանադրության  Հոդված 57-ի՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»:

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. ՄԻՊ-ի ահազանգի վերաբերյալ համապատասխան որոշում կլինի’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարապետյան. Հայաստանը վերադարձրեց թալանը, իսկ Գերմանիան՝ ոչ (տեսանյութ)’