‘Սերժ Սարգսյանը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել Գյումրիի սպանության թեմայով’

422

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:

Համաձայն հաղորդագրության, այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո:

Նշենք, որ սարսափելի սպանության մասին տեղեկատվության տարածումից հետո էլ իրավապահները սկզբում կարծես խուսափում էին խոսել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած զինվորի մասին, որն էլ, ըստ արդեն պաշտոնական տեղեկատվության, իրականացրել է այդ սարսափելի ոճրագործությունը:  Եւ դա՝ չնայած այն բանին, որ դեպքի վայր էին ժամանալ նաեւ ռուսական ռազմաբազայի ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Նույնիսկ որոշ տեղերում տեղեկատվություն տարածվեց, որ իրականում գործել է հանցավոր խումբ: Երկու տարբերակներից, սակայն, մնաց մեկը, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությունները կատարելու կասկածանքով որոնվում է ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած զինվորականը՝ Վալերի Պերմյակովը:

Եւ հիմա Սերժ  Սարգսյանը, փաստորեն, դեռ չի կողմնորոշվել, թե ինչ վերաբերմունք կամ կարծիք ունի ինքը կատարվածի մասին: Որովհետեւ եթե տեքստի սկզբում խոսվում է մեղավորների մասին, ապա տեքստի վերջում արդեն խոսվում է միայն մեկ հանցագործի մասին: Ասել է թե՝ կամ Սարգսյանի մամլո ծառայությունը ընդհանրապես տեղյակ չէ կատարվածի մանրամասներին, այդ պատճառով էլ, ապահովության համար, մի տողում խոսում է մեկ հանցագործի մասին, մյուս տողում դրանք դառնում են հոգնակի թվով, կամ էլ՝ Հայաստանի պատմության համար այսպիսի աննախադեպ իրավիճակում, երբ իրադարձությանն առնչվող ցանկացած խոսք կարող է փոխել իրավիճակը, Սարգսյանի թիմը նույնիսկ լայաղ չի արել տեքստն ուղարկելուց առաջ այն եւս մեկ անգամ կարդալ՝ այսպիսի խայտառակ բացթողումներից խուսափելու համար:

Այսպես թե այնպես, տեքստը տարածվել է Սերժ Սարգսյանի անունից, հետեւաբար՝ նախագահականից պետք է պարզաբանում տան՝ ինչո՞ւ են խոսում մեղավորների որոնման մասին, եթե ոստիկանությունը փնտրում է միայն մեկ զինվորի, ո՞ր գերատեսչությունն է այս ոչ ստանդարտ իրավիճակում ստում կամ ոչ կոմպետենտություն ցուցաբերում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում սպանության գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը’