‘Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է կատարում «ֆավորիտ մրցակիցների» շարքերում’

1401

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավի ընթացքում «հընթացս» մրցակից թեկնածուների վարկանիշը բարձրացնելուն ուղղված «քարոզարշավը»:

«Հասարակության մի հատվածը, իհարկե, ընտրելու է Պարույր Հայրիկյանին։ Մարդ, որ իր կյանքով ու ճակատագրով մարմնավորում է անկախ Հայաստանի միշտ վառ գաղափարը։ Հասարակության մեկ այլ հատված կընտրի Հրանտ Բագրատյանին, մարդ, որ ունի մեր երկրի զարգացման սեփական տեսլականը։ Հասարակության մի հատվածն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, մարդ, ով դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ», — երեքշաբթի Մալաթիա-Սեբաստիայում ասել է նա:
«Մնացածների մասին էլ կարող եմ դրական բաներ ասել, բայց ես եկել եմ ձեզ ներկայացնելու, թե ինչու հասարակության մի հատածն էլ ինձ կընտրի», — ավելացրել է Սարգսյանը։

Հատկանշական է, որ իր «մրցակիցների առավելությունները թվարկելիս» Սերժ Սարգսյանն այս անգամ առաջին հերթին նշել է Պարույր Հայրիկյանի անունը:
Մինչ այդ, մրցակից եռյակի մասին խոսելիս, ՀՀԿ թեկնածուն սովորաբար առաջին հերթին նշում էր Րաֆֆի Հովհաննիսյանի, այնուհետեւ Հրանտ Բագրատյանի անունները, իսկ ԱԻՄ առաջնորդը Սարգսյանի «ֆավորիտների» թվում զբաղեցնում էր պատվավոր՝ երրորդ հորիզոնականը:

Փաստորեն, Սարգսյանը «ընտրությունների» այս շրջանում որոշել է փոփոխություններ կատարել իր «նախընտրած թեկնածուների» շարքում: Դե, հասկանալի է, Հայրիկյանի հետ կապված այնպիսի զարգացումներ եղան, որ վերջինս իրեն ավելի լավ դրսեւորեց, քան` մյուս թեկնածուները: Մյուս կողմից էլ, Սարգսյանի վիճակն ամենաբարդն է: Վերջինս, ըստ էության, ընտրություններում մեն մենակ մնալով ` ինքն իր համար ֆավորիտ մրցակիցներ է հորինում, հետո նրանց դասավորում ու վերադասավորում: Հուսանք՝ Սարգսյանի վերադասավորումները այսքանով կավարտվեն, եւ ավելի զավեշտալի դրսեւորումներ չեն ունենա:

Նախորդ հոդվածը‘«Չեբուրաշկա-2» կամ «Կրակոտ Սերժը» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դատի կտա Standart & Poors-ին՝ համաշխարհային ճգնաժամ հրահրելու համար’