‘Սերժ Սարգսյանը տարին ամփոփել է Россия 24-ին տված հարցազրույցում (տեսանյութ)’

867

Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը ժողովրդի ինքնորոշման պայքարն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այս մասին Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Վերջինս ընդգծել է, որ անցյալ տարվա իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին այն, ինչի մասին վերջին 70 տարիների ընթացքում բարձրաձայնում էին ղարաբաղցիները` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն:

«Գիտեք` երբ ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն իրենց թշնամիներն են, կամ Երևանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, բուն ադրբեջանական տարածք է, երբ մարդասպանին հերոսացնում են, վճարում են հունգարական բանտում նստած տարիների աշխատավարձը, այս ժողովուրդը նույնիսկ չի ցանկանում լսել և չի ունենալու որևէ կապ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և եթե ադրբեջանական արկածախնդրությունը հասնի ռազմական ուժի կիրառման, ապա Հայաստանն իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: «Կարող է հարց առաջանալ` Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է, նրա բնակչությունն ավելի շատ է: Սա նախ ամենահիմնական պայմանները չեն, և երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որևէ մասը կհամաձայնվի որևէ ճնշման տակ զիջել Ղարաբաղը»,- փաստել է Սարգսյանը` վերահաստատելով, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ կգտնվեն ռազմական գործողությունները դադարեցնելու մեթոդներ: Այնուամենայնիվ, ռազմական ուժի կիրառման դեպքում Հայաստանը կդիմի նաև իր ռազմաքաղաքական դաշնակիցներին, նրանց, ում հետ ունի միջպետական պայմանագրեր:

Այն հարցին, թե արդյոք նման դեպքում Հայաստանը կհենվի ՀԱՊԿ-ի իր գործընկերների վրա ևս` Սարգսյանը նշել է. «Իհարկե, տարօրինակ կլիներ հույս չդնել նրանց օժանդակության վրա, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այդ դաշինքում: Երկրները մտել են այդ դաշինքի մեջ հենց այն մտքով, որ անհրաժեշտ պահին օժանդակեն միմյանց»:

Միաժամանակ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի, և որևէ ելք կգտնվի: «Կազանի փաստաթուղթը դեռ սեղանին է և կբերի որևէ լուծման: Մենք պարտավոր ենք որևէ լուծման գալ: Ռազմական գործողությունները ձեռնտու չեն նաև Ադրբեջանին: Չեմ կարծում, որ ադրբեջանցի զինվորները և ժողովուրդը ցանկանում են պատերազմել:Որևէ ժողովրդի մենք թշնամի չենք համարում: Այնինչ ադրբեջանցի ժողովրդին ցանկանում են ներշնչել, որ հայերն իրենց թշնամիներն են, և դա շատ վատ է»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Լեւանդովսկին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Գելափ-մելափները գալիս են Հայաստան խոպան’