‘Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ հաղթի Իլհամ Ալիեւը’

2086

Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում զրուցել հավաքի մասնակիցների հետ:

Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցերի շրջանակում երիտասարդներին հետաքրքրել են քաղաքական, տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևոր և արդիական մի շարք հարցեր:

Մասնավորապես՝ զրույցի ընթացքում երիտասարդներին հետաքրքրել են պետության կողմից երիտասարդներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է  Նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին վերաբերող հարցին՝ նշելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Այլ մանրամասներ` Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ, վերջինիս մամլո ծառայությունը չի հաղորդում: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին մահացել է փոսն ընկնելուց հետո. Դեպքը մի շարք հարցեր է առաջացրել. Լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ.Եգիպտոսում հանգստացողների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան’